«Անգամ Լյուքս Ստեփանյանը չի տեսել պատճառ, դիտավորություն, իրադրություն, որից ելնելով Դավիթ Խաչատրյանը պետք է և կարող էր կրակել» (տեսանյութեր)
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին հրավիրած ասուլիսում Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, ասել էր, որ նախաքննության սկզբնական փուլից ի սկզբանե հայտնի է եղել դեպքի հանգամանքները և պատկերը:
Արձագանքելով Գ. Կոստանյանի այս հայտարարություններին, Երեմ Սարգսյանն ասաց. «Եթե ի սկզբանե արդեն պարզ է եղել, էլ ինչո՞ւ էին շարունակում նախաքննությունը: Հիմա կասեն՝ ապահովում են օբյեկտիվ, լրիվ նախաքննություն էինք ապահովում: Լավ, եթե սկզբում պարզ էր, ապա վերջում պարզից պարզ պետք է լիներ, ճի՞շտ է: Մեղադրական եզրակացության նկարագրական մասում, որը նախքննության ավարտին կազմել է քննիչը, նշվել է, որ Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի հնչեցրած հայհոյանքներից հետո ինքնաձիգը լիցքավորելուց հետո ուսագոտու հատվածում նշան է բռնել նրա ուղղությամբ և դրանից հետո, երբ Լյուքս Ստեփանյանը մի քանի անգամ հայհոյանք է տվել չկրակողի հասցեին, նա կրակել է նույն նշան բռնած դիրքից:
Սա խիստ կարևոր հանգամանք է, որպեսզի կարողնանաք վերլուծել իրադրությունը: Ի՞նչ է ստացվում. Եթե անձը նշան բռնած դիրքից կրակոց է արձակում, արդեն իսկ կարող ենք որոշ ապացույցների համակցությամբ մտածել, որ՝ այո, ցանկանում էր դիտավորյալ սպանել: Բայց այլ է իրադրությունը, երբ նշան բռնած դիրքից հետո նրա ընկերները, այդ թվում՝ տաղավարում նստած Հրաչյա Սարգսյանը, որը վնասվածք է ստացել, ասում են՝ զենքը խաղալիք չէ, իջեցրու: Այսինքն՝ անձը, որը նստած է այնտեղ, այդ իրադրությունը որպես խաղ, կատակ է ընկալում: Նա չի մտածում, որ կրակոց է լինելու: Դրանից հետո Դավիթ Խաչատրյանը ոչ թե կրակոց է արձակում, այլ զենքը իջեցնում է գոտկատեղի հատված: Այդ մեկ կրակոցը եղել է գոտկատեղից՝ 30մ հեռավորության վրա:
Նախաքննական մարմինը լավ հասկացել է, որ եթե անձը ցանկանում է դիտավորյալ սպանել մեկին, եթե ինքը միակն է, ով այդ տարածում զենք ունի (քանի որ հերթապահություն է իրականացնում), որևէ բան չի խանգարում նրան, որ մոտենա, ոչ թե 30 մ տարածությունից կրակի այն անձի վրա, ում ուզում է սպանել, այն դեպքում, երբ նրա դիմաց իր ամենամոտ ընկերը՝ Հրաչյա Սարգսյանն է նստած և մարմնով փակում է Լյուքս Ստեփանյանին: Ինչպես ենք պատկերացնում՝ ուզում էր կրակել, որևէ կերպ չկարողացավ մոտենալ, կամ ինչու չմոտեցավ, չվերադիրքավորվեց և ինչու այդ մեկ կրակոցը նշան բռնած դիրքից չկատարեց այլ կատարե գոտկատեղից: Նախաքննական մարմինը սա լավ է հասկանում, դրա համար նշում է, որ նշան բռնած դիրքից կրակոց է արձակել: Հիմա եթե համարենք, որ նախաքննության սկզբնական փուլից արդեն իսկ ամեն ինչ պարզ էր, ինչպես հյատարարում է գլխավոր դատախազը, ապա ես վկայակոչեմ նախաքննության ընթացքում ականտես վկաների ցուց,մունքները (ունենք երեք ականատես վկա, չորրորդը տուժողն է, ով այս պահին ի վիճակի չէ ցուցմունք տալ): Նախաքննության փուլում երկու ականտես վկաներից ոչ մեկը (նրանք հեբնց տաղավարում են գտվել՝ Լյուքս Ստեփանյանի կողքին) բացարձակապես ցուցմունք չի տվել այն մասին, որ եղել է նշան բռնած դիրք:
Գոհե այդ երկու ականատես վկաների ցուցմունքով նախաքննական մարմինը նման տվյալ չուներ: Երրորդ ականտես վկան նշում է, որ բարձրացրեց, նշան բռնեց, սակայն երբ իրենք ասում են՝ զենքն իջեցրու, զենքն իջեցրել է գոտկատեղի հատված: Մյուս երկու վկաները նույնպես նշում են, որ զենքն իջեցվել է գոտկատեղի հատված, նոր եղել է այդ մեկ կրակոցը»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ անուղղակի վկաները ևս հայտնել են, որ կրակոցը հնչել է գոտկատեղի հատվածից:
«Հիմա եթե նախաքննության սկզբնական փուլից ողջ պատկերը պարզ էր, ինչպե՞ս են մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում գրում, որ նշան բռնած դիրքից է կրակոց եղել: Սա իրադրության ամենափոքր հատվածն էր, որ ցույց տվեցի, որ նույնիսկ նախաքննության սկզբնական փուլից այդ պատկերը հայտնի չի եղել և եթե հայտնի է եղել, ապա ոչ այն ձևակերպմամբ, որը նշել է նախաքննական մարմինը, այլ դրանք եղել են իրենց սուբյեկտիվ ձևակերպումները՝ փորձ անելով առանց ապացույցի նմանեցնել սպանության և դիտավորության»,- ասաց Ե. Սարգսյանը:
Հունիսի 25-ի ասուլիսում՝ ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել էր. «Պաշտպանության կողմի հիմնական դիրքորոշումը և փաստարկը, որով վիճարկվում էր մեղքը և մեղքի հիմնավորվածությունը, կայանում էր նրանում, որ ինքնաձիգի ձգանը բավականին թույլ է եղել, և դա հանգեցրել է պատահաբար կրակոցի, այդ հարցի հետ կապված ուղղակի անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվել են, և համապատասխանաբար դատաձգաբանական փորձաքննության արդյունքով հերքվել է այդ հանգամանքը, որովհետև փորձագետը հստակ և միանշանակ իր եզրակացության մեջ պնդել է, որ ձգանը սեղմելու համար անհրաժեշտ է ֆիզիկական ուժի կիրառում, այնպիսի կիրառում, որն, ըստ էության, պատահականությունը բացառում է»:
Անդրադառնալով Գ. Կոստանյանի այս հայտարարությանը՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքն ու Դավիթ Խաչատրյանի մյուս պաշտպան Վաղարշակ Գևորգյանը որևէ անգամ ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում չեն բերել փաստարկ, որ ձգանը թույլ է եղել, ինչը պատահական կրակոցի է հանգեցրել. «Այս հանգամանքը հենց առաջին օրը, երբ հարցաքննել են Դավիթ Խաչատրյանին, նա է հայտնել ցուցմունք տալիս: Ասել է, որ իրեն ամրակցված ինքնաձիգի ձգանային մեխանիզմում բացակայում է զսպանակ, որը գուցեև պատճառ է հանդւսացել, որ ձգանը թույլ և կրակոցն ավելի հեշտ լինի: Այս ուղղությամբ քննություն է կատարվել, նշանակվել է փորձաքննություն:
Փորձաքննություն նշանակեցին՝ պարզվեց, որ, իրոք, այդ զսպանակը բացակայում է, այսինքն՝ նրա հայտնած փաստը սուտ չէր: Պարզապես փորձագետները եզրակացության մեջ նշել են, որ այդ զսպանակի բացակայությունը որևէ կերպ չի ազդում ձգանի թուլության և ամրության վրա»:
Երեմ Սարգսյանն ասաց, որ փորձագետի եզրակացության համաձայն՝ կրակոց արձակելու համար ինքնաձիգի ձգանի վրա պետք է գործադրվի 1.8 կգ ուժ. ըստ փաստաբանի՝ կարելի է մտածել, թե 1.8 կգ-ը ահռելի ուժ է և պատահականություն չի կարող լինել, սակայն մատի սեղմումը 1,5-2,5 կգ ուժ է տալիս. «1,8 կգ-ն ընդամենը մատի շարժում է, անհավնական ուժ չէ: Եթե մենք, գլխավոր դատախազը, կամ որևէ մեկն ուզում է ասել, որ զենքի հետ վարվելու ընթացքում բացառվում է պատահական կրակոցը, ես չեմ կարող համաձայնել այդ հայտարարության հետ և կարծում եմ՝ իրականության մեջ չի կարող լինել այդպիսի կատեգորիկ հայտարարություն»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ նախաքննական մարմինն էլ հաստատված է համարել՝ Լյուքս Ստեփանյանն ու Դավիթ Խաչատրյանը գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ, թշնամություն, վիճաբանություն չեն ունեցել, իսկ մյուս տուժող Հրաչյա Սարգսյանի հետ Դավիթ Խաչատրյանն ամենամտերիմն է եղել: Փաստաբանի խոսքով՝ ամբաստանյալը Լյուքս Ստեփանյանին սպանելու համար պետք է դրդապատճառ ունենար. նախաքննական մարմինը նշել է, որ հայհոյանքներից դրդված, իր անձի առավելությունը ցույց տալու համար նա արձակել է կրակոց:
Ըստ փաստաբանի՝ իրադրության մասնակիցները պետք է պատկերացնեին իրավիճակի լրջությունը, սակայն ականատեսները նշում են՝ երբ Լյուքս Ստեփանյանը հայհոյանքներ էր տալիս, ժպտում էր. «Անգամ Լյուքս Ստեփանյանը չի տեսել պատճառ, դիտավորություն, իրադրություն, որից ելնելով Դավիթ Խաչատրյանը պետք է և կարող էր կրակել: Այսինքն՝ նրա համար դա կատակ է եղել, կատակով է ասել, Դավիթ Խաչատրյանն էլ իր՝ Լյուքսի պատկերացմամբ կատակով է զենքը պահել»:
Բոլորը, ըստ փաստաբանի, պնդել են, որ դա կատակ է եղել և չէր կարող սպանության դրդապատճառ լինել: Փաստաբանի խոսքով՝ եթե Դավիթ Խաչատրյանը սպանելու նպատակ ունենար, ապա կրակոցից հետո կփորձեր փախչել. «Բոլոր վկաները միաբերան պնդում են՝ կրակոցից անմիջապես հետո միանգամից առաջ է եկել տաղավար՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, գոռոցով, լավով՝ էս ինչ արեցի, էս ինչ եղավ, փաթաթվել է զինվորներին»: