Հայ պատգամավորների «շուստրիությունները» Եվրոպայում
Այսօր ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության երեք կին ներկայացուցիչներ` պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պատմելու համար, թե ինչ գործունեություն են իրենք ծավավել ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ: Ըստ էության, այս ասուլիսի բուն նպատակն արդարանալն էր, թե ինչու հայկական պատվիրակությունը հարցախեղդ չի արել Ադրբեջանի նախագահին, այլ որդեգրել է լուռ դիտորդի կարգավիճակ:
Ադրբեջանը 6 ամսով ԵԽ ԽՎ-ում նախագահող երկիր է: Այդ նախագահության շրջանակում Ադրբեջանի նախագահին հնարավորություն էր տրված ելույթ ունենալ ԵԽ ԽՎ-ում: Ելույթից հետո ԵԽ ԽՎ պատգամավորներին իրավունք է տրվում հարցեր ուղղել ելույթ ունեցողին: Եվ ահա տարբեր սոցիալական ցանցերում և կայքերում տեսակետ է հնչում, որ հայկական պատվիրակությունն իրեն շատ պասիվ է դրսևորել, հարցեր չի ուղղել Ալիևին և չի բացահայտել Ադրբեջանի և նրա նախագահի բռնապետական էությունն ու դեմքը:
Ի պատասխան այս մեղադրանքների՝ հայկական պատվիրակության անդամներն ասում են, որ իրենք հարցեր չեն ուղղել Իլհամ Ալիևին, որպեսզի հնարավորություն չտան նրան իրականացնել իր հակահայկական քարոզչությունը:
Հայկական պատվիրակության անդամներն ասում են, որ իրենք շատ են աշխատել՝ ի նպաստ հայ ազգի և հայ պետականության: Իհարկե, նրանք չեն բացահայտում իրենց աշխատանքի մանրամասները, բայց դա կարելի է ենթադրել: Օրինակ, հայ պատգամավորները հանդիպել են այլ երկրների պատվիրակությունների անդամ պատգամավորների հետ, նրանց խնդրել և համոզել, որպեսզի նրանք հարցեր ուղղեն Ալիևին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, բանտերում պահվող քաղբանտարկյալ լրագրողների և հասարակական գործիչների մասին: Հայկական պատվիրակության անդամների տրամաբանությունն այն է, որ եթե նման հարցեր տան իրենք, ապա Ալիևը կարճ կասի, որ դա հայերի կողմից տարածվող հերյուրանք է և չարախոսություն, և կխոսի տարածքների օկուպացիայից և փախստականներից:
Այսինքն՝ հարց տալով Ալիևին, հայերը կօգնեն, որ նա հակահայկական քարոզչություն իրականացնի: Իսկ երբ այդ հարցերն ուղղում է որևէ եվրոպացի պատգամավոր, ապա դրանով նա բացահայտում է Ադրբեջանի և նրա նախագահի հակաժողովրդավարական և բռնապետական կերպարը: Արդյունքը լինում է այն, որ եվրոպացիները սկսում են ատել Ադրբեջանն ու նրա նախագահին, իսկ Հայաստանին ու հայ ժողովրդին՝ նայել բարի աչքով:
Մոտավորապես այսպիսին է հայ պատգամավորների և Հայաստանի, այսպես կոչված, պառլամենտական դիվանագիտության էությունն ու իմաստը:
Բայց այդ դիվանագիտության ամբողջ սնանկությունը և պարզունակությունը բացահայտեց հենց Ալիևը: Նախ՝ նա շատ հանգիստ պատասխանում էր եվրոպացի պատգամավորներին՝ նրանց մեղադրելով հայերի կողմից ուղղորդված հարցեր տալու համար: Մյուս կողմից՝ Ալիևը՝ որպես Եվրոպային գազ և նավթ մատակարարող երկրի նախագահ, հասկանում է, որ այդ դահլիճում նստած պատգամավորներն իրենց երկրներում, մեծ հաշվով, ոչինչ չեն որոշում, և ինքն այդ երկրների կառավարությունների հետ որևէ խնդիր չունի, անկախ նրանից՝ քանի լրագրող կամ հասարակական գործիչ է փակված Ադրբեջանի բանտերում: Եվ երրորդը՝ Ալիևը եվրոպացի պատգամավորներին այնքան խավիար ու փող է բաժանել, որ շատ լավ գիտի այդ պատգամավորների և նրանց տված հարցերի արժեքը: Նրան պետք էր պահպանել արարողակարգը և ելույթ ունենալ, ինչը և նա արեց:
Իսկ եթե հայ պատգամավորներն ուզում են աշխատել, ապա դրա համար աշխատանքի ավելի մեծ դաշտ կա Հայաստանում: Հայաստանի բանտերում ևս կան քաղբանտարկյալներ, և Հայաստանն էլ չի փայլում իր ժողովրդավարությամբ: Դրա լավագույն օրինակը Հայաստանում տեղի ունեցող բոլոր մակարդակի ընտրություններն են և դրանց հետևող իրադարձությունները: Հանուն հայ ժողովրդի և հայ պետականության աշխատելը ենթադրում է, որ պետք է լուծել այդ խնդիրները Հայաստանում և ոչ թե՝ եվրոպացիների միջոցով մեղադրել Ադրբեջանին: Եթե Ադրբեջանում ժողովրդավարություն չկա, դրանից չի հետևում, թե այն կա Հայաստանում: