Դավիթ Խաչատրյանին զոհաբերում են, որպեսզի իրենց այլ նպատակներին հասնեն

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպաններին անհանգստացրել են քրեական գործի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հնչեցրած հայտարարությունները: Այսօր լրագրողների հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ՝ մեկնաբանելով իր այն հայտարարությունը, որ գործով կա մեղադրական դատավճիռ, Գ. Կոստանյանը հայտարարել է, թե դա շփոթմունք է եղել, սակայն ինքը կրկին պնդում է, որ մեղադրանքը հաստատվել է, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ.

«Եկեք մի պահ պայմանականորեն ընդունենք, որ իրոք գլխավոր դատախազը շփոթվել էր և խոսում էր այլ գործի մասին: Այս պարագայում մենք նույնպես պետք է մտածենք, որ այն հանգամանքը, թե ձեռք երն բերվել անհերքելի ապացույցներ, վերաբերում են այլ գործի, քանի որ անհերքելի ապացույց ասվածն արդեն իսկ հավասարազոր է մեղադրական դատավճռին»:

Փաստաբանն ասաց, որ այս քրեական գործը հենց սկզբից էլ հասարակական մեծ հնչեղություն է ստացել, իսկ վերջին շրջանում որոշ զինվորների հարազատներ պնդում են, որ փորձ է արվում սպանությունները վերածել ինքնասպանության. «Ինչ է ստացվում, այս հասարակական հնչեղությունն ունեցող գործով իրավապահ մարմինները, պետական պաշտոնատար անձինք փորձում են հասարակությանն ի ցույց դնել, որ այստեղ գործ ունենք ոչ թե կոծկման հետ, այլ իրականացվել է օբյեկտիվ նախաքննություն, դատաքննություն և եթե նման երևույթ կա՝ ինչո՞ւ չկա այս գործով: Պետական մարմինների և պաշտոնատար անձնանց կողմից ընտրվեց այն գործը, որով պետք է փորձ արվի կոտրել այդ կարծրապիտը: Ի՞նչ է ստացվում. Դավիթ Խաչատրյանին զոհաբերում են, որպեսզի, ըստ էության, իրենց այլ նպատակներին հասնեն»:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ այս փուլում, երբ քրեական գործը դատական վիճաբանությունների փուլում է, գլխավոր դատախազը կաշկանդեց դատարանին իր հայտարարությամբ. «Այս դեպքում ի՞նչ ենք կարծում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ի՞նչ է անելու, դատավճռով ասելու է գլխավոր դատախազը շփոթվե՞լ էր, սպալվե՞լ է, մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ ձեռք չեն բերվե՞լ, ձեռք են բերվել այլ ապացույցնե՞ր: Ես շատ կասկածում եմ, որ մեր երկրում դատարանը կարող է այնքան անկախ լինել, որ գլխավոր դատապազի այս հայտարարությանը հակառակվի՝ հատկապես այս գործով, որ ունի հասարակական հնչեղություն, որով դատարանը կարող է քննադատության թիրախ դառնալ:

Կարդացեք նաև

Մենք տեսանք, որ դատարանը խուսափում է այդ քննադատությունից: Նախնական փուլում տուժող կողմից բացարձակապես չէր սաստում, օրենքով սահմանված կարգով չէր կիրառում դատական սանկցիաներ, որպեսզի դահլիճից հեռացնի անձանց, կարգը պահպանվի, դատավարության մասնակիցների իրավունքները չխախտվեն:

Եթե դատավորը նույնիսկ դրանից մտավախություն ուներ, որ քննադատության թիրախ կդառնա, ինչպե՞ս ենք կարծում, որ գլխավոր դատախազի նման հայտարարությունից հետո հանկարծ դատարանը կորոշի, որ արարքը սխա՞լ է որակված և պետք է վերաորակի՞ այն»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ նախաքննության ընթացքում ևս եղել են հայտարարություններ քրեական գործի, կրակոցի՝ դիտավորյալ արձակվելու մասին, սակայն իրենք կարծել են, որ պաշտոնատար անձինք պարզապես տուժող կողմին հանգստացնելու համար են նման հայտարարություններ արել:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դեպքից մի քանի օր անց Լյուքս Ստեփանյանի հարազատներն աննախադեպ քայլի են դիմել՝ փորձելով իրենց որդու դին բերել Երևան՝ Պաշտպանության նախարարության մոտ: Նրանց ընթառաջ են գնացել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ով, ըստ փաստաբանի, հայատարարել է, որ այո, նախնական տեղեկություններով՝ միտումնավոր սպանության մասին է խոսքը:

«Այն ժամանակ մենք մտածում էինք, որ այդ հայտարարությունն իրադրություից դրդված է կատարել պաշտպանության նախարարը, բայց հետագայում պարզվեց, որ ամբողջ նախաքննությանն ընթացավ այս ուղղությամբ. Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը փորձեց իրենց ղեկավարի ասածը հաստատել, և, ի վերջո, ողջ նախաքննությանը տանելով այդ ուղղությամբ՝ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց շատերի կյանքի համար վտանագավոր սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճռելու համար»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանում հրապարակվեց տուժող Լյուքս Ստեփանյանի մոր դիմումը պաշտպանության նախարարին՝ հետևյալ բովանդակությամբ. «Դուք Երևան-Սևան մայրուղում ի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին խոստացաք, որ պատիժը լինելու է 18-20 տարի կամ ցմահ»:

Հետագայում էլ մեղադրող դատախազը միջնորդել է Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման. «Չեմ կարծում, որ այսքան շատ պատահակություններ կարող են լինել մի գործի շրջանակներում»:

Փաստաբանն ասաց, որ գործի ապացույցները միանշանակ վկայում են, որ նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք չեն բերվել ապացույցներ, որոնք կվկայեն, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ է կրակել. «Հաստատվեց, որ գործ ունենք զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետ, որն անզգուշությամբ առաջացրել է մեկ անձի մահ, իսկ մյուս անձի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Սա ևս հանցագործություն է: Որևէ մեկը չի արդարացնում Դավիթ Խաչատրյանին, ինքը ևս չի արդարացնում իրեն այս առումով և նշում է, որ ունի մեղավորություն, պարզապես խնդրում է, որ իրեն պատասխանտվության ենթարկեն իր կատարածի համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս