Բաժիններ՝

Թուրքիայում ընդդիմադիր հինգ կուսակցություն համաձայնագիր է ստորագրել Իհսանօղլուի թեկնածությանն աջակցելու մասին

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հինգ ընդդիմադիր կուսակցություն երեկ պաշտոնապես ձևակերպել են իրենց աջակցությունը միասնական թեկնածուին՝ կապված օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Կոալիցիոն համաձայնագիրը ստորագրվել է Անկարայում՝ քաղաքական կազմակերպությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Հունիսի կեսերին հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (CHP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) պայմանավորվեցին միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին գնալու շուրջ:

Որոշվեց, որ ԺՀԿ-ի ու ԱՇԿ-ի միասնական թեկնածուն պետք է լինի Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն: Եվ ահա երեկ նրա թեկնածությունն աջակցելու մասին հայտարարել են նաև «Դեմոկրատական» (DP), «Դեմոկրատական ձախ» (DSP ) և «Անկախ Թուրքիա» (BTP) կուսակցությունները:

Համաձայնագիրը ստորագրել են CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին, DSP-ի առաջնորդ Մասում Թյուրքերը, BTP-ի առաջնորդ Հայդար Բաշն ու DP-ի առաջնորդ Գյուլթեքին Ույսալը:

«Ճշմարիտ ուղի» կուսակցության (DYP) առաջնորդ Չեթին Օզաչըքգյոզը թեև նախապես հայտարարել էր, որ աջակցելու է Իհսանօղլուի թեկնածությանը, սակայն չի մասնակցել երեկվա համաձայնագրի ստորագրման արարողակարգին:

Ստորագրված փաստաթղթում նշված է, որ Թուրքիայում առաջին անգամ է ձեռք բերվում հասարակական նման կոնսենսուս, որի նպատակը սոցիալական արդարության հիմքի կառուցումն է:

Իհսանօղլուից բացի, Թուրքիայի նախագահի պաշտոնին հավակնում է նաև գործող վարչապետ, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (AKP) առաջնորդ Ռեջեփ Էրդողանն ու «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս