Բաժիններ՝

Անահիտ Բախշյանը միացավ Աֆրիկյանների շենքի պահպանման ստորագրահավաքին (տեսանյութ)

Աֆրիկյանների շենքը արդեն գրեթե ամբողջությամբ քանդել են, սակայն մտավորականության շրջանակներում կազմակերպվել է ստորագրահավաք` նույն տարածքում շենքը վերականգնելու նպատակով: Այսօր Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկում որոշ մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ ստրագրեցին հետյևալ տեքստի տակ. «Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգ լինելով 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան քաղաքացիական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկի՝ Երևանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների տան ճակատագրով, ինչպես նաև առհասարակ Երևանում մշակութային հուշարձանների նկատմամբ շարունակական քանդման ու ապականման իրողությամբ, կոչ ենք անում.

  • Դադարեցնել Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների բնակելի տան ապամոնտաժումն ու քայլեր ձեռնարկել դրա վերականգնման և պահպանության ուղղությամբ,
  • Երևան քաղաքի կենտրոնում դեռևս պահպանվող պատմության և մշակույթի հուշարձանները պահել հատուկ ուշադրության կենտրոնում՝ չստորադասելով դրանք մասնավոր և այլ շահերից»:

Այս ստորագրահավաքին միանալու համար եկել էր նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության նախագահ Անահիտ Բախշյանը, որը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հանրային բողոքն ուղղված է այն քաղաքականության դեմ, որն այսօր կա Հայաստանի քաղաքաշինության ոլորտում. «Ի՞նչ ենք ասում մենք, և հատկապես այս երիտասարդները՝ որ ձեռք մի տվեք մշակութային ժառանգությանը, դրանք հուշարձաններ են, դրանք քաղաքի դեմքն են և կարծում եմ՝ դա այնքան տարրական բան է, որ չհասկանալու ոչինչ չկա, բայց արի ու տես, որ ոչ միայն չեն հասկանում, այլև հակառակը՝ ի հեճուկս դրան գազանավարի քանդում են, իբրև թե նոր տեղ են տեղափոխելու: Մեր փորձը ցույց է տալիս, որ դա ընդամենը մեր գլխի տակ փափուկ բարձ դնել է»:

Մեր այն հարցին, թե հանրության ձայնը արդյոք լսելի կլինի՞ իշխանություններին, Ա. Բախշյանը պատասխանեց. «Մեր հանրության ձայնը փաստորեն այնքան էլ լսելի չէ, բայց, փառք Աստծո, դրանից հանրությունը չի հուսախաբվում: Պետք է շարունակել, պետք է պայքարել, քանի որ ի վերջո կրիտիկական կետ կգա, որի դեպքում արդեն ստիպված կլինեն լսել, երբ դա վերաբերվի իրենց աթոռներին, և այդ պահը գալու է»:

Ըստ Ա. Բախշյանի՝ երիտասարդների այս ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ինչքան իշխանությունը սեղմում է մեր ժողովրդի վզին գցած պարանը, այնքան ժողովրդի մեջ արթնանում է ինքնապաշտպանության բնազդը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս