Բաժիններ՝

Կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարն իր առաջին տեղակալի հետ այցելել էր Բրյուսել

Այցի նպատակն էր Եվրոպական Հանձնաժողովի և ԵՄ Արտաքին գործունեության ծառայության ներկայացուցիչների հետ քննարկել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունների հստակեցմանն ու ամրապնդանն առնչվող հարցեր, այդ թվում նաև ԵՄ բյուջետային աջակցության, ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)», ԵՄ կողմից ՀՀ-ին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի հետ կապված հարցեր:

Այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) և Եվրոպական արտաքին գործունեության ծառայության (EEAS) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ առաքելության ղեկավար-դեսպան Ավետ Ադոնցը, Եվրոպական Միությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը:

• ԵՀ փոխնախագահ, ԵՀ անդամ, ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Սիիմ Կալլասի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի բանակցությունների նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների հնարավոր մեկնարկին առնչվող հարցեր:

• ԵՀ անդամ, ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի և ԵՀ Առևտրի Գլխավոր Տնօրինության (DG TRADE) տնօրեն Ժան-Լյուկ Դեմարտիի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, ՀՀ կողմից ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից (GSP+)» օգտվելու և ԵՄ կողմից ՀՀ-ին «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման հետ կապված հարցեր: Ակնկալվում է, որ առաջիկայում ԵՄ-ն առավել ակտիվ դերակատարություն կունենա տարածաշրջանային համագործակցության հարցում: Հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ առևտրի տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի նիստի անցկացման հարցը և որոշվել է ենթակոմիտեի հերթական` 13-րդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա աշնանը:

• Եվրոպական արտաքին գործունեության ծառայության (EEAS) դեպարտամենտի տնօրեն Գունար Ուիգանդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության և ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի շրջանակներում իրականացվող համագործակցությունից բխող հարցերի: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական` 15-րդ նիստի անցկացմանը և համաձայնություն է ձեռք բերվել այն անցկացնել ս.թ. հոկտեմբերին Բրյուսելում:

• ԵՀ Զարգացման և համագործակցության Գլխավոր Տնօրինության (DG DEVCO) տնօրեն Ֆերնանդո Ֆրուտուոսո դե Մելոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ Բյուջետային աջակցության ընթացիկ և առաջիկայում ակնկալվող ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո տրամադրվող աջակցության գործիքների (Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Անդրսահմանային համագործակցության ծրագիր) հետագա հասանելիության և վերջիններիս կիրառման շարունակականության շուրջ` Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով: Քննարկվել է նաև ԵՄ աջակցության ծրագրերում ՓՄՁ ոլորտը ներառելու հարցը:

• ԵՀ Ձեռնարկատիրության Գլխավոր Տնօրինության (DG ENTR) տնօրեն Դանիել Կալլեխա Կրեսպոյի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ կողմից ՓՄՁ ոլորտի աջակցության ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Ձեռնարկատիրության Գլխավոր Տնօրինության հետ համագործակցության հնարավոր ձևաչափերին: Երկուստեք կարևորվել է ձեռնարկատիրությանը ցուցաբերվելիք թիրախային աջակցությունը և այդ համատեքստում քննարկվել է ՀՀ համապատասխան կառույցներին աջակցության տրամադրման հարցը: Ընդգծվել է, որ նորարարությունները և գիտական ներուժի կիրառական օգտագործումը ունեն առաջնային նշանակություն տնտեսության զարգացման մեջ: Կարևորվել են հատկապես վենչուրային հիմնադրամների և սկսնակ գործարարների աջակցության ծրագրերը և աջակցության տրամադրման ձևաչափերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում քննարկումներ կազմակերպել` վենչուրային հիմնադրամների, սկսնակ գործարարների աջակցության և գործարար միջավայրի բարելավման ոլորտում ԵՄ փորձի փոխանակման և համապատասխան մոտեցումներն ու գործիքները Հայաստանում կիրառելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել նաև բելգիահայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս