ԲՀԿ-ական պատգամավորը Վոլոդյա Ավետիսյանի համար միջնորդություն է ներկայացրել դատարան

Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանն այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մուտքագրեց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի միջնորդությունը: Նա միջնորդում է կայացնել արդար դատավճիռ, ինչը, նրա կարծիքով՝ Վոլոդյա Ավետիսյանին արդարացնող դատավճիռն է կամ եթե դատարանն այլ կարծիք ունի, առնվազն նշանակել դատախազի պահանջածից շատ ավելի մեղմ պատիժ:

Նշենք, որ այս դատարանում է քննվում Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործը:

Գործը քննող դատավոր Լևոն Ավետիսյանին ուղղված միջնորդության մեջ պատգամավորը նշել է, որ ազատամարտի տարիներին Վոլոդյա Ավետիսյանը եղել է լեգենդար Լեոնիդ Ազգալդյանի տեղակալը՝ մարտական պատրաստության գծով, մասնակցել է Վարդենիսի պաշտպանությանը, Քարվաճառի, Մարտակերտի և այլ բնակավայրերի ազատագրմանը: Ազատամարտից հետո ծառայել է ՀՀ Զինված ուժերում, հասել գնդապետի աստիճանի, պարգևատրվել է մեդալնելով, պատվոգրերով և շնորհակալագրերով: Վ. Ավետիսյանը վեց երեխաների հայր է:

«Ներկայումս անազատության մեջ գտնվելու պատճառով նա չի կարողանում աշխատել, ինչի հետևանքով նրա ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական դրության մեջ: Մենք ուշի-ուշով հետևում ենք Վոլոդյա Ավետիսյանի դատավարությանը: Մեր գնահատմամբ՝ մեղադրանքները հիմնավորված չեն: Ես ակնկալում եմ, որ դատավճիռը կայացնելիս կլինեք անաչառ, հիմնվելով միայն հիմնավորված ապացույցների վրա, հաշվի առնելով նրա ծառայությունները Հայրենիքի նկատմամբ, նրա ընտանիքի սոցիալական վիճակը, այն հանգամանքը, որ նա առաջին անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության: Ակնկալում եմ նաև, որ հաշվի կառնեք դատական պրակտիկան, որի տեսակետից աննախադեպ է Վոլոդյա Ավետիսյանին մեղսագրվող արարքների համար, այն էլ նրա պարագայում առկա մեղմացուցիչ հանգմանքների և կոպիտ խախտումներով տեղի ունեցած նախաքնության և ապացույցների մեծ մասի հիմնավորված չլինելու պայմաններում նրան 6.5 տարի ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատախազի պահանջը: Նկատի ունենալով վերոգրյալը՝ միջնորդում եմ կայացնել արդար դատավճիռ, ինչը, իմ կարծիքով, Վոլոդյա Ավետիսյանին արդարացնող դատավճիռն է կամ եթե դատարանն այլ կարծիք ունի, առնվազն նշանակել դատախազի պահանջածից շատ ավելի մեղմ պատիժ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս