Վանաձորի բնակիչները՝ մի քանի վաշխառուների զոհ

Վանաձորի բնակիչ Մարգարիտա Դալլաքյանը տուժել է վաշխառու Մերի Քարհանյանից: Հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա այս գործով դատավարությունը: Մերի Քարհանյանը երկար տարիներ տոկոսով գումար է տվել Մարգարիտ Դալլաքյանին՝ բանկային տոկոսադրույքից բարձր տոկոսներով: Մ. Դալլաքյանը ստիպված է եղել մի բնակարան՝ տեղակայված Վանաձորի Տիգրան Մեծի 6/9 հասցեում, վաճառել, որպեսզի 3500 դոլար պարտքը մուծի: Սակայն 3500 դոլարի պարտքը՝ տոկոսների հետ միասին, վերածվել է 9000 դոլարի: «Տան գիրքը իր մոտ է եղել, տոկոսներն էլ աճեցնում էր: Մենք ստիպված էինք վաճառել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտ Դալլաքյանը:

Մերի Քարհանյանը եղել է Մ. Դալլաքյանի երեխաների առաջին դասարանի դասվարը: Մարգարիտ Դալլաքյանը պատմում է, որ իրենք շատ մտերիմ են եղել. «Իրար տուն՝ գնալ-գալ, խնջույքների, մի տան նման: Շատ են մտերմացել մեր հարաբերությունները: Բնական է՝ կարիքի դեպքում զրույցի մեջ ասել եմ, որ գումար պետք է: Ինքն էլ առաջարկել է, որ կօգնի… այդպես քիչ-քիչ խորացել է, էլի: Նրանից ընդհանուր առմամբ՝ մաս-մաս, վերցրել եմ 5000 դոլար: Դրա համար մինչև 2010 թվականի վերջը տվել եմ 11 հազար 880 դոլար տոկոսներ և միաժամանակ վերցրել եմ 350 հազար դրամ, որի համար նույն ժամանակահատվածում վճարել եմ 1 մլն 580 հազար դրամ (8 և 10 տոկոսներով): Բազմաթիվ անգամներ ընթացքում ինքը թարմացնել է տվել ստացականները՝ տոկոսին տոկոսներ գումարելով: Պատահել է՝ երբ տոկոսը չեմ ունեցել, 20 տոկոսով է հաշվել, գումարել մայր գումարին: Արդյունքում՝ այդքան գումարներ տալուց հետո դիմել է դատարան՝ 8500 դոլար պահանջելով: Արդեն ես ստիպված էի պաշտպանվել»:

Այժմ Մ. Դալլաքյանն ապրում է սոցիալական վատ պայմաններում և համարում է, որ նման վիճակում է հայտնվել վաշխառուների մեղքով. «Առայժմ մենք այդ տանն ենք ապրում. ծանր պայմաններում: Նախկին տունը վաճառել եմ Մերի Քարհանյանի պատճառով և գնել սեփական տուն. շատ վատ վիճակում է այդ տունը: Տանիք համարյա թե չկա, կաթիլների ներքո ապրում ենք: Ոչ գիտենք՝ սարքենք, ոչ գիտենք՝ դուրս գանք, ոչ էլ գիտենք՝ մեր ճակատագիրն ինչ է լինելու»:

Մարգարիտ Դալլաքյանն աշխատում է մանրածախ առևտրի շուկայում: Նա ներկայիս Աղյուսագործների 29/1 հասցեի սեփական տունը պարտքով է գնել: Մարինե Պարանյանի հետ ծանոթ է մոտ 20 տարի. «Նա նույնպես վաշխառու է, դա դատարանով հաստատված հանգամանք է: Այն ժամանակ փոքր գումարներ եմ վերցրել՝ 100, 200, 500 դոլար: Մանր առևտրի համար պետք է եղել, վերցրել եմ, նորից տվել եմ: Շատ մտերիմ ենք եղել, այնքան մտերիմ, որ հավատացել եմ իր խոսքին, որ տունը ձևակերպել եմ իր անունով: Մարինե Պարանյանից էի գումար վերցրել, նա, համոզեց, որ առուվաճառքի պայմանագրով իմ անունով վաճառի՝ ես հիպոթեքային պայմանագրով կվաճառեմ ձեզ ձեր բնակարանը: Բայց իր անվամբ դառնալուց հետո ինքը հրաժարվեց մեզ հետ տալուց և այդ հիպոթեքային վարկը ձևակերպելուց: Հիմա այս պահին ապրում եմ այդ տանը, որը դեռևս Մարինե Պարանյանի անվամբ է»:

Կարդացեք նաև

Մ. Պարանյանը հորդորել է, որ տունը պայմանագրով ձևակերպեն իր անունով, նա՝ հիպոթեքով կվաճառի Մ. Դալլաքյանին և կվերցնի իր գումարը. «Իսկ իր անվամբ դառնալուց հետո հրաժարվեց տալուց և ձևակերպում է վարկ, բայց ստացված վարկից իր հասանելիք գումարը վերցնելու փոխարեն՝ վերցնում է ամբողջ գումարը: Մեզ տալիս է ուրիշի ձեռագրով գրված պարտավորագիր, իբր իր գրածն է, որ վարկը լինելու կամ չլինելու դեպքում տունը կվերադարձնի, բայց հետո խուսափում է տալուց: Քննիչին ներկայացնում ենք ձայնագրություն, որտեղ մանրամասն ասվում է, թե ինչքան գումար եմ վերցրել, մինչև երբ եմ տոկոսներ վճարել, այն էլ՝ 10 տոկոսով, և որքան ավելի տոկոսներ է գումարում և գրել տալիս 7000 դոլարի ստացական»:

Մարգարիտ Դալլաքյանն ասաց, որ քրեական դատավարությունով Մարինե Պարանյանի վաշխառության փաստը և գործարքի շինծու լինելու հանգամանքը հաստատվել է. «Քրեական դատավարության վճռի հիմքերով դիմել ենք քաղաքացիական դատարան, որ շինծու գործարքն անվավեր ճանաչվի, սակայն առայժմ բավարարված չէ մեր դիմումը՝ պատճառաբանությամբ, որ վերաքննիչի կողմից բեկանվել է առաջին ատյանի վճիռը, բայց բեկանվել է ոչ թե այն պատճառով, որ Մարինեն արդարացվել է, այլ նրա համար, որ վաղեմության ժամկետը լրացած է եղել: Իրականում իր վրա խարդախության հոդված էր դրված, հետո խարդախությունը հանվեց, դարձավ վաշխառություն, երկրորդ հոդվածը դարձավ առաջին մաս… Կամաց-կամաց արդարացրին, այդ 3-4 տարիները հենց այնպես չձգձգեցին: Վերջում էլ ազատեցին պատժից»:

Մարգարիտ Դալլաքյանը համոզված է, որ Մերի Քարհանյանը և Մարինե Պարանյանը համագործակցում են միմյանց հետ՝ իր դեմ. «Որ իմ տունն իրենց մնա»:
Մ. Դալլաքյանը մեզ հայտնեց, որ Մարինե Պարանյանի գործունեությունից տուժել են նաև Վանաձորի այլ բնակիչներ՝ Սուսաննա Սահակյանը, Ալիսա Ավագյանը, Ադելինա Խաչատրյանը:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն ասաց, որ պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել վաշխառուներից տուժածներին. «Քանի որ մենք որևէ աղբյուրից չենք ֆինանսավորվում, որպեսզի կարողանանք բոլորի համար փաստաբաններ վարձել, փաստորեն, ամեն ինչ արվում է մեր միջոցներով: Փաստաբաններ կան, որ ուղղակի բարեխիղճ են, փորձում են ինչ-որ ձևով մարդկանց գոնե ուղղություն ցույց տալ: Մենք օգնում ենք, որպեսզի այս խնդիրն ավելի հանրային դառնա: Այնպես ենք անում, որ տեղեկացված լինեն մարդիկ, թեկուզ՝ մեր փաստաբանները կարողանան իրենց համար հայցեր գրել, իրավաբանական անվճար խորհրդատվություն տրամադրել: Մեր խնդիրը հենց նրանում է, որ կարողանանք մարդկանց իրազեկել իրենց իրավունքների մասին՝ ինչպես պետք է պայքարեն վաշխառուների դեմ»:

«Պարզվում է՝ Վանաձորում մի քանի մարդ, մի քանի վաշխառու ամբողջ ժողովրդին պահել են իրենց ձեռքերի մեջ: Այսինքն՝ այդ մարդիկ մեկ անգամ տուժել են բնական աղետից՝ 1988 թվականին, հիմա՝ բնական աղետից հետո, եկել է արհեստական աղետը՝ տոկոսով փող տվողները: Եվ իրավապահ մարմինները Վանաձորում որևէ կերպ չեն պայքարում այդ երևույթի դեմ. այսինքն՝ գործ են հարուցում, իսկ հետո գործը կարճում են: Իրենք, կարծես, թույլ տան, որ այս ամեն ինչը շարունակվի: Ի վերջո, սա բերելու է արտագաղթի: Առանց այդ էլ աղետի գոտին դատարկվում է, մարդիկ տուն-տեղից զրկվում են: Որևէ մեկը դրան վերջ չի դնում: Ստացվում է, որ Վանաձորում շատ մարդիկ ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղվում: Նույնիսկ իրավապահ մարմինները չեն անդրադառնում այդ հարցին՝ այդ մարդիկ իրենց ստացած եկամտից հարկ վճարո՞ւմ են, թե՞ չէ»,- հավելեց Մ. Պողոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս