Գայանե Սողոմոնյան. «Թեժ գիծը արթուն է պահում մեզ»
«Քաղաքապետը խիստ հսկողության տակ է դրել այս թեժ գծերի ուսումնասիրությունները և հետևանքները: Նախորդ տարվա համեմատ պակասել էին թեժ գծերի զանգերը: Դա կապված էր ակտիվ արձագհանքի և շատ խնդիրների լուծման հետ, բայց այդուհանդերձ պետք է ասեմ, որ թեժ գծերի արդյունքում և՛ մանկապարտեզների, և՛ դպրոցների աշխատակազմերում շատ ու շատ աշխատողներ՝ թե՛ տնօրեններ, թե՛ ուսուցիչներ արժանացան կարգապահական տարբեր տույժերի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Գայանե Սողոմոնյանը նշեց, որ «թեժ գծերը սթափ են պահում իրենց» և արդեն երկու տարի է՝ արդյունավետ է աշխատում. «Իհարկե, թեժ գիծը արթուն է պահում մեզ, սա զգաստություն է, զգոնություն է մեզ համար: Պետք է ասեմ, որ շատ օպերատիվ է արձագանքում. ընդամենը մեկ օր ժամանակ է տրվում թեժ գծի ուսումնասիրությանը:
Ծայրահեղ դեպքում՝ երկրորդ օրը պատասխանը պետք է լինի, և վերահսկողության վարչության ու հանրակրթության վարչության հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք արձագանքել նաև անանուն թեժ գծերին, չնայած՝ դա օրենքով արգելվում է: Կարողանում ենք հետևողական լինել, և հաճախ նույնիսկ այդ անանուն զանգերը բացահայտվում են: Բայց, պետք է նշեմ, որ հաճախ լինում էին միջանձնային հարաբերություններում ծնված թեժ գծեր»:
Գ. Սողոմոնյանը հորդորում է ծնողներին՝ շարունակել իրենց ակտիվությունը: Նա մասնավորեցրեց, թե կոնկրետ ի՞նչ տույժեր են կրել մանկապարտեզների և դպրոցների աշխատակազմերը. «Մեկ ուսումնական տարվա ընթացքում մանկապարտեզների մոտ 90 թեժ գծի բողոք ենք ունեցել: Այս թեժ գծերի արդյունքում մանկապարտեզի մեկ փոխտնօրեն է ազատվել աշխատանքից, մեկ դաստիարակ, մեկ դայակ. այս երեք հաստիքները ազատվել են: Մեկ դաստիարակ ստացել է խիստ նկատողություն:
Դպրոցներից 85 բողոք ենք ստացել, իսկ նախորդ տարի դրանք մինչև 140 հասել են: Չորս ուսուցիչներ ստացել են նկատողություն և խիստ նկատողություն, պետք է ասեմ, որ այստեղ մենք ունեցել ենք նաև տնօրենների՝ աշխատանքից ազատում: Իրականում տնօրենը մինչև վերադասի որոշում կայացնելը, իրենք՝ գնահատելով իրենց արածը ունեցելն արժանապատվություն և իրենց անձնական դիմումով են ազատվել աշխատանքից: Թիվ 17 դպրոցի տնօրենն է ազատվել, 27 դպրոցի տնօրենը քաղաքապետի կարգադրությամբ է ազատվել աշխատանքից, որովհետև դատական գործ կար այդ մասով: Թիվ 70 դպրոցի տնօրենն է ազատվել արդեն մինչև քաղաքապետի որոշում կայացնելը. երկու օր առաջ արդեն գիտեր, որ լուծումը դա պետք է լիներ»: