Սարգիս Սեդրակյան. «Էլեկտրաէներգիայի թանկացումը շատ վատ կանդրադառնա գյուղացու վրա»
168.am-ը զրուցեց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ՝ պարզելու համար, թե որքան են գյուղացիներն օգտագործում էլեկտրաէներգիա, և ինչպես կազդի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը գյուղացիական տնտեսությունների վրա. «Էլեկտրաէներգիայի դերը մեծ է գյուղատնտեսությունում, անասնապահության մեջ, լամպեր են միացնում գոմերում: Իհարկե, էլեկտրաէներգիայի թանկացման հետ միասին, այդ բոլորի ծախսը մեծանում է: Եթե մենք նորմալ երկիր լինեինք, որտեղ աշխատավարձերը, թոշակները համեմատաբար նորմալ աստիճանի վրա գտնվեին, այդ թանկացումը չէր երևա: Բայց քանի որ մենք գործազուրկ, աղքատ բնակչություն ունենք, մեկ կոպեկ թանկացումն էլ ազդում է»:
«Էլեկտրաէներգիան սեզոնային է շատ օգտագործվում, ասենք՝ մի մասը ձմռանը գազ է օգտագործում, մի մասն էլեկտրականություն է օգտագործում ջերմոցներում: Հիմնականում այդ ժամանակ դրանք էլ են ազդում գյուղմթերքի ինքնարժեքի բարձրացման վրա: Ջերմոցը ձմռանն աշխատացնում են, այնտեղ տաքացնող հարմարանքներ են օգտագործում՝ էլեկտրաէներգիա շատ է խլում»,- ասաց Ս. Սեդրակյանը:
Սարգիս Սեդրակյանը հայտնեց, որ գյուղացու վրա շատ վատ կանդրադառնա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը. «Գյուղացին այսօր չի կարողանում ապրել, գյուղացիների հիմնական մասը շատ աղքատ վիճակում է հայտնվել, այն մի քանիսը, որ ինչ-որ ձևով կարողանում են, նրանց չի վերաբերում: Ինքնարժեքը բավականին բարձր է՝ վառելիքի, թունաքիմիկատների, սերմի գները շատ բարձր են: Ժողովուրդն էլ վճարունակ չի, ապրանքն էլ համեմատաբար էժան է ամռան այս ժամանակահատվածում. վարունգը 100 դրամ է, պոմիդորը 200 դրամ է, արդեն էժանացել են: Բայց որ հաշվենք՝ ինչքան են իրենք չարչարվել, ինչքան աշխատանք են արել, որքան նյութեր են օգտագործել՝ վնասում է ինչ-որ տեղ ուղիղ գյուղացուն: Բացի այդ, ապագա չեն տեսնում այս երկրում՝ արտագաղթում են: Եվ այս պայմաններում էլեկտրաէներգիայի գնի թանկացումն ավելի վատ կանդրադառնա նրանց վրա»:
Սարգիս Սեդրակյանը նշեց, որ միանշանակ չի կարող ասել՝ գյուղացին ավելի շատ գա՞զ է օգտագործում, թե՞ էլեկտրաէներգիա. «Երկուսն էլ կարևոր են: Բայց մի կողմից՝ եթե մարդիկ մի ժամանակ լույսով էին փորձում տաքացնել ջերմոցները, հիմա կսկսեն գազով տաքացնել»:
Բավական Ափիցարյան