
Իսրայելը պատ կկառուցի Հորդանանի հետ սահմանին. Նեթանյահու

MigNews-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ ունենալով Թել-Ավիվում կազմակերպված անվտանգութան հարցերով կոնֆերանսում, հայտարարել է, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որը մոտ 100 տարի առաջ Մերձավոր Արևելքում տարանջատել է շահերի ոլորտները, սպառել է իրեն:
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը պետք է աջակցի Իրաքի քրդերին՝ կապված անկախանալու նրանց ձգտումների հետ, ինչը կթուլացնի իսլամականների դիրքերը:
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի վերջին դեպքերի ֆոնին պետք է ռազմական ներկայություն պահպանի Հորդանանի հետ սահմանին, քանի որ իրենք չեն կարող հույսեր կապել Հորդանանի անվտանգության ուժերի հետ:
Ելնելով դրանից՝ Նեթանյահուն հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել Հորդանանի հետ սահմանը և կառուցել պատ: