Բաժիններ՝

Կարելի է Հիտլերի, Աթաթուրքի, Ալիևի արձանը դնել, միգուցե ընդդիմությունը կո՞ղմ լինի

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ քննադատություններն ու ընդվզումները դեռևս ավարտված չեն, արդեն ի հայտ եկան նոր արձաններ տեղադրելու մասին որոշումներ, որոնք նույնպես միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից:
Օրինակ, Գյումրիում մինչև 2014 թվականի հոկտեմբեր նախատեսվում է տեղադրել զինագործ Միխայիլ Կալաշնիկովի արձանը՝ 102-րդ ռազմաբազայի տարածքում, իսկ Երևանում՝ ոչ միայն Անաստաս Միկոյանի, այլև Համազասպ Բաբաջանյանի արձանները: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանից, ով, ինչպես հայտնի է՝ այն բացառիկ արվեստագետներից է, որ կողմ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, փորձեցինք պարզել՝ պե՞տք է արդյոք Երևանում տեղադրել՝ Համազասպ Բաբաջանյանի, իսկ Գյումրիում՝ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանները:

«Կալաշնիկովի՞: Բայց Կալաշնիկովն ի՞նչ կապ ունի: Գյումրիում ժամանակին ես ասացի՝ բերեք Ալեքսանդր Առաջինի արձանը տեղադրենք, որը մեծ բան է արել Գյումրիի համար: Վերջին հաշվով՝ այդ ժամանակ՝ 19-րդ դարում, Գյումրիի ամենամեծ կառույցները սարքել է ռուսական ցարը՝ և՛ պաշտպանության հետ կապված, և՛ քաղաքակրթության, այնտեղ է եղել առաջին գիմնազիան, այնտեղ է եղել օրիորդաց դպրոցը, շատ բան է արել այդ մարդը: Ասացին՝ այո, այո, հետո գցեցին մի կողմ»,- ասաց Ֆերդինանդ Առաքելյանը:

Միաժամանակ նա զարմանում է, թե ինչո՞ւ է հանրությունը դեմ Հ. Բաբաջանյանի հուշարձանի տեղադրմանը, բայց նաև հասկանում է պատճառը. «Ես չեմ հասկանում: Ես գիտեմ՝ ինչո՞ւ են դեմ: Ընդդիմությունը, ինչ անես՝ դեմ է: Սա ընդդիմություն չի: Սա պարզապես մի խումբ է, որ ինքն էլ չգիտի: Չէ, ինքը գիտի՝ ինչ պատվեր է ստանում դրսից: Հետաքրքիր է՝ այս նույն մարդիկ, որ անընդհատ բոլորին դեմ են, կարելի է Հիտլերի արձանը դնել, միգուցե կո՞ղմ լինեն, Աթաթուրքինը դնենք, Ալիևինը դնենք՝ կիսագրագետ թափթփուկինը: Այսքան մարդիկ չսիրե՞ն իրենց ժողովրդին»:

Քանդակագործը պատմում է, որ Համազասպ Բաբաջանյանը հանճարեղ հրամանատար է եղել և միայնակ է հասել ցանկացած բարձունքի. «Բաբաջանյանը անտեր-անտիրական է հասել ամեն ինչի: Խելք է պետք ունենալ, տաղանդ, նպատակ: Նա ոչնչով գնացել է սովետական բանակ, զրոյից հասել է այդ ամենին: Բաբաջանյանը մեծ դեմք է: Պետք է խոնարհվենք մեր մեծերի առաջ, ոչ թե քննադատենք: Ստվերը տեսնելը հեշտ է, բայց ստվերն առանց լույսի չի լինում: Բայց լույս պետք է լինի, որ ստվեր ունենա: Աշխատեք լույսը տեսնել, նոր՝ ստվերը»:

Կարդացեք նաև

Ֆ. Առաքելյանը չի ընդունում այն, որ մարդիկ ընտրություն են կատարում, թե ո՞ւմ արձանը տեղադրել, ո՞ւմը՝ ոչ: Ըստ նրա՝ պատմությունը քաղաքակրթության շղթան է, և որևէ մի օղակ իրավունք չունենք հանել. «Կամ կկարճանա, կամ կնեղանա, կամ վատը կստեղծվի». «Մարդիկ կերազեին նման մարդկանց ունենալ: Օրինակ, ես ուզում եմ ոչ միայն Բաբաջանյանինը դնեն, ինչո՞ւ ոչ՝ բոլորին, ինչո՞ւ ոչ՝ ցարական Ռուսաստանի անվանի հայ գեներալների՝ Մադաթովի, Սերեբրյանիկովի, Լոռիս-Մելիքովի: Ասում են՝ ի՞նչ է արել Հայաստանի համար, նախ հարց տանք՝ դո՞ւք ինչ եք արել Հայաստանի համար: Հետո՝ այդքան նեղ չի կարելի մտածել: Ամբողջ Եվրոպայում արձաններ են:

Արձանը պատմության վկան է. Ինչո՞ւ չլինի: Օրինակ, ինչո՞ւ աշխարհը գա և չտեսնի Բաբաջանյան… ո՞վ է Բաբաջանյանը՝ հանճարե՜ղ զորավար: Շատ լավ բան է, թող լինեն: Բայց միայն պետական գործիչների արձանները չլինեն, օրինակ՝ Փափազյանի արձանը չկա, Հրաչյա Ներսիսյանի արձանը չկա, և այնպիսի խոշորագույն քանդակագործինը՝ Երվանդ Քոչարինը: Չկան, պիտի լինեն, որ մարդիկ դրսից գան՝ նայեն և իմանան, որ այս մարդիկ հայ են եղել»:

«Համամարդկային մտածեք: Եթե խորը մտածենք՝ հետո՞ ինչ, որ Նապոլեոնը Ֆրանսիայի համար շատ բան է արել, բայց վատ բան է արել. աշխարհին թալանել է, բերել-լցրել է Ֆրանսիա: Սրիկա է եղել: Ես այն կարծիքին եմ, որ պետք է դրվի, և ոչ միայն Բաբաջանյանի արձանը, այլև շատերինը, նրանք մեծություններ են, շատ մեծ դեմքեր են: Մենք պետք է մի քիչ մեծ մասշտաբով նայենք: Հիմա տեսեք՝ ասում են, որ նա լավ չի վերաբերվել Հունգարիային… շատ ներողություն, սովետական երկրին նա պաշտպանել է, նա պաշտպանել է հենց նրանից, որ հիմա այսօր այստեղ կա՝ անարխիայից: Եվ, վերջիվերջո, նա ի՞նչ կարող էր անել: Հրամանը պետք է կատարվեր: Վերջին հաշվով՝ այդ ո՞ր Հունգարիան է: Այդ սրիկանե՞րը, որ մարդասպանին տվեցին Ադրբեջանին: Իրենց երկրում չեղա՞վ. Դե, եթե արդար էին, թող ասեին՝ ոչ»,- հավելեց քանդակագործը:

Քանդակագործը կարծում է, որ մարդիկ Անաստաս Միկոյանի համար էլ էին սխալ արտահայտվում. «Միկոյանը հանճարեղ մարդ է եղել, շատ հանճարեղ մարդ է եղել: Միկոյանը ոչ մի անգամ չի ստորագրել՝ տարեք նրան գնդակահարեք: Ոչ էլ Ստալինն է արել դա: Մենք ենք մեր ժողովրդին աքսորել:

Հորեղբայրս՝ գյուղացի մարդ, 17 տարի Սիբիրում նստած է եղել՝ որպես քաղաքական բանտարկյալ: Միկոյա՞նն է արել, թե՞ Ստալինն է արել: Ո՞վ է իմացել. գյուղից նամակ են գրել, որ՝ սա դաշնակցական է, ու ուղարկել են: Մենք՝ հայերս, ծանր հիվանդությամբ տառապող ժողովուրդ ենք: Մենք մեզ դեմ ենք: Մենք մեզ չենք սիրում, լավ, 3000 տարի ո՞ւր է մեր պետականությունը: Ո՞ւր է մեր թագավորի պալատը: Մենք թագավոր էլ չենք ունեցել, որովհետև թագավորին չենք սիրել: Արի ու տես՝ մենք չենք ուզում գնահատել մեր մեծերին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս