Հովիկ Աբրահամյանը՝ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված սկանդալների մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա բացահայտելո՞ւ է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված սկանդալային հանցագործությունները:

«Մենք Տիգրան Սարգսյանի հրաժարականը չէինք պահանջում, որովհետև նրա անունը Տիգրան էր, կամ ազգանունը` Սարգսյան: Տիգրան Սարգսյանի հրաժարականը հիմնականում պայմանավորված էր 4 սկանդալային գործերով` գազային պայմանագրերը և Հայաստանի պարտքը, օֆշորային սկանդալը, Որոտանի վաճառքը և «պարտադիր կուտակայինի» համակարգը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի կողմից եղել է հրահանգ` չքննադատել  նախորդ կառավարությանը, և Դուք այդ առումով կաշկանդված եք, սակայն այդուհանդերձ կխնդրեի պատասխանել` ո՞րն է լինելու Ձեր դիրքորոշումը, բացահայտելո՞ւ եք այդ սկանդալները»,- հետաքրքրվեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ընդհանրապես ես պատասխանատվություն վերցնող եմ: Այդ գիտակցումով եմ այս պաշտոնի առաջարկն ընդունել: Աշխատելու եմ թափանցիկ: Թերություններ ունեցել է նախորդ կառավարությունը,  բայց սկանդալների հետ համաձայն չեմ: Լինելու ենք շատ անկեղծ և չենք ամաչելու ասել, որ սխալներ են եղել: Ուզում եմ նաև ասել, որ մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ` պատգամավորների: Սա պետք է լինի ոչ թե բռունցքների ամբիոն, այլ գաղափարների  պայքարի ամբիոն: Ես հրահանգել եմ հարգալից լինել պատգամավորների նկատմամբ և նույնը ակնակլում եմ պատգամավորներից»: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ շուտով կառավարությունը կներկայացնի նոր ծրագիրը, ինչից, ըստ նրա՝ պատգամավորները կարող են տեսնել, որ «քիչ գրելու են, շատ՝ անելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս