Բարի գալուստ վակուում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հերթական անգամ լակմուսի թուղթ հանդիսացան հայկական քաղաքական դաշտի համար:

Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխության ֆլագման հռչակված «Բարգավաճ Հայաստանը», ըստ էության, բուրժուաօլիգարխիական դաշնակցության մեջ էր մտել ՀՀԿ-ի հետ և Գալուստ Սահակյանին դարձնում էր ԱԺ նախագահ: Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ դարձավ:

Սակայն, իհարկե, սա չէր երեկ տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձությունը, կամ ամենախոսուն, ամենաէական իրադարձությունը: Գալուստ Սահակյանը դառնար այս ԱԺ-ի նախագահը, թե Պողոս Պետրոսյանը, Շմայսը, գեներալ Մանվելը, թե Յուվեցի Կարոն, կամ նույնիսկ գիտությունների դոկտոր Հրանտ Բագրատյանը, միևնույն է` այս ամենից Հայաստանում ոչինչ չէր փոխվելու, ոչինչ չէր կարող փոխվել, որովհետև ԱԺ-ում հարցերը լուծվում են մեծամասնությամբ, իսկ մեծամասնության հարցերը իշխանությունները լուծել են 2012 թվականի մայիսյան ընտրություններում:

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությամբ մի բան է պարզ դարձել, որ Հայաստանում հասարակությունը, ժողովուրդը մնացել է ըստ էության մենակ, պարզ է դարձել այն թատրոնը, որ մի շարք քաղաքական ուժեր, որոնց հաստատ թիվը երևի թե իրենք էլ չգիտեն՝ չորս են, հինգ են, թե վեց են, խաղում են հասարակության գլխին արդեն երկար ժամանակ: Սա է տեղի ունեցել Ազգային ժողովում, ոչ թե Գալուստ Սահակյանն է ԱԺ նախագահ ընտրվել:

Ապրիլի 29-ին սպասվում էր, որ Հայաստանը ստորագրելու է Մաքսային միություն մտնելու մասին պայմանագիրը: Հետո հերքվեց դա, և կարծեք թե հասարակությունը ակամայից շունչ քաշեց, որ չնայած ոչ մեր ջանքերով, սակայն ինչ-որ հանգամանքներից ելնելով Հայաստանը առայժմ զերծ է մնում մաքսային կնիքից, որը լինելու է Հայաստանի անկախությանը վերջ դնող կնիքը: Սակայն ապրիլի 29-ը մեզանում նշանավորվեց այլ կերպ՝ Ազգային ժողովում արձանագրված «կնիքով», որն իր համակարգային և խորքային ծանրությամբ, ըստ էության, ավելի թեթև չէ, քան Մաքսայինն իր հետևանքներով»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս