Ողբերգական պատումների մրցույթ՝ «Գալուստի՝ ԱԺ նախագահ դառնալը վերջն է…» թեմայով
«Ես երբեք իմ անձը չեմ կարևորել և ոչ էլ այդպես հիանում եմ պաշտոնական գործընթացներից, ինձ համար պաշտոնը խնդիր լուծելն է, որովհետև ես ինքս մանկավարժ եմ եղել, էլի չեմ ուղղորդել ինձ որևէ տեղ, բայց ունեցել եմ դպրոց, որ ամբողջ Սովետական Միությունում հայտնի էրգ էդ ժամանակ էդ էր դրված վրես, դա էի լավ կատարում, հետո գործկոմում եմ աշխատել, նորից խնդիր է դրվել վրես, ես կատարող մոտեցումներ ունեմ, քան հմայվելու որևիցե պաշտոնով, պաշտոնը չի գեղեցկացնում մարդուն, բայց, ըստ էության, ես գտնում եմ, որ շատ տգեղ էլ չեմգ»,- այս խոսքերը պատկանում են ԱԺ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանին, ով այսօր կդառնա ԱԺ նախագահ:
Սրանք Գալուստ Սահակյանի ամենայուրահատուկ մտքերը չեն, նա հանրությանը հայտնի է հայոց և որևէ այլ լեզվով շատ ավելի անմեկնելի ձևակերպումներով: «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: «Այսպիսի մի օրինակ բերեմ. ես անարժանապատիվ եմ համարում լրագրողին փող տալ, ասել. «Իմ վրա մի գրի», իսկ առավել անընդունելի է փող տալ ու ասել. «էսինչի վրա գրի», «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։ Այնքան մարդիկ կան, որ պատահական կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մի մարդ, որ պատահական դառնա գործարար։ Եթե պատահական դառնա, կարճ ժամանակ հետո կունենա ֆինանսական պրոբլեմ և կսնանկանա։ Իսկ մեկը կարող է պատահական ընտրվել պատգամավոր և 5 տարի դառնա քաղաքական գործիչ: Ես քաղաքական գործիչ եմ, և շատ լավ եմ հասկանում թե՛ գործարարությունից, թե՛ բիզնեսից»,- այս խոսքերի հեղինակը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։
«Ինչքան ուզես, էնքան խփենք», «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «Տարոն ջան, սիրուն չի»գ այս խոսքերի հեղինակը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է:
Ուսյալ ու ինտելեկտուալ քաղաքացիները, քաղաքացիական ակտիվիստներն ու պասիվիստները համարում են, որ նման մտքեր հայտնող ղեկավարներ ունենալը վիրավորական է մեր ինքնությանը: Հատկապես Գալուստ Սահակյանի նշանակումն ԱԺ նախագահի պաշտոնում վրդովեցրել է շատ-շատերին, սոցիալական ցանցերում «Գալուստի` ԱԺ նախագահ դառնալը վերջն է…» թեմայով ողբերգական պատումների գրառման իսկական մրցություն է ծավալվել, հատկապես պատկերավոր են երևակայական այն տեսարանները, թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը բացակայի հանրապետությունիցգ նախագահի պարտականությունները կդրվեն Գալուստ Սահակյանի վրա:
Իսկ եթե Գալուստ Սահակյանը և՞ս մեկնի գործուղման, Հովիկ Աբրահամյանը թեկուզ մի քանի օրով կդառնա նախագահ: Տեսարաններն իսկապես սարսափազդու են, բայց դրանց վերաբերյալ բողոքի ճիչերը ոչ ավելի են, քան ՀՀԿ-ականների ծափահարությունները, որ կհնչեն այսօր ԱԺ-ում` Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ դառնալու առթիվ: Կարելի է, իհարկե, ևս մեկ շաբաթ, անգամ մեկ ամիս շարունակել անիծել սեփական ազգի բախտը, որ արժանացել է Գալուստ Սահակյանի նման խորհրդարանի ղեկավար ունենալու պատժին: Բայց դա ևս չի փրկի:
Իշխանությունն անում է այն` ինչ ուզում է, ասում է այն` ինչ ուզում է, նշանակում է նրանց` ում ուզում է: Որովհետև որքան ավելի անընդունելի են դառնում իշխանության քայլերը, այնքան ավելի անիրական` վիրտուալ է դառնում դրանց վերաբերյալ արտահայտվող բողոքն ու ընդվզումը:
Իսկ իշխանությունն առաջնորդվում է «Հանդուրժեք մեզ, ճանաչեք ձեզ» սկզբունքով` գործնականում փորձության ենթարկելով հայ ժողովրդի «ծով համբերության» մասին թեզը: Ի դեպ, ժամանակին «Ա1+» հեռուստաընկերությունը եթերում էր «Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզ» սկզբունքով: «Ա1+»-ը փակվեց և հիմա գործում է ինտերնետում` վիրտուալ տարածությունում: Մոտավորապես նույնը տեղի է ունենում հայ հասարակության հետ: Այնպես որ, Գալուստ Սահակյանի նշանակումը ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Վերջի սկիզբը: