Գալուստ Սահակյանի սիմվոլիզմը
Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այն վիճակում, որում հայտնվել է: Ինչո՞ւ են աշխարհի պետություններից շատերը Հայաստանին վերաբերվում արհամարհանքով, մի մասը՝ խղճահարությամբ, մյուսները՝ դեռևս քաղաքավարությունը պահպանելու անհրաժեշտությամբ, ավելի շատերն ընդհանրապես չեն վերաբերվում՝ մեր երկրի հանդեպ իրենց դիրքորոշումը տեղավորելով Ռուսաստանի նկատմամբ արտահայտվող վերաբերմունքի փաթեթում:
Ինչո՞ւ հինգհազարամյա մշակույթով հպարտացող ու սեփական թատրոնների ծագման վաղնջականությունը եվրոպացիների՝ կապկային էվոլյուցիայի նկատմամբ որպես գերակայություն ներկայացնող հայ ժողովուրդը նորանկախ պետությունը հասցրեց այն հանգրվանին, որում Հայաստանին ընդհանրական և քաղաքակիրթ գնահատմամբ աշխարհը դասում է «այլ լիգայի» երկրների շարքին: Ինչո՞ւ ենք մենք այսօր նույնացվում բռնապետական, հետամնաց երկրների հետ: Ինչո՞ւ, ի վերջո, կայացման սկբնական փուլում տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակը համարվող պետությունից Հայաստանը վերածվեց տարածաշրջանում տոտոլիտարիզմի ֆորպոստի:
Այս և սրանից բխող հարցերին պատասխանելու համար կարելի է տասնյակ, հարյուրավոր վարկածներ առաջ քաշել՝ սկսած նեխած արևմտյան իմպերիալիզմից ու ջհուդամասոնական դավադրություններից, վերջացրած մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերով ու փոքր երկրների աշխարհագրական դատապարտվածությամբ:
Պատասխանատվությունից խուսափելու նպատակով հարակից արդարացումներ գտնելու գործում հայերս անփոխարինելի ենք: Բայց այդ, և էլի չթվարկված՝ ականջահաճո վարկածները ոչ թե վեր են հանում այս իրավիճակի իրական, խորքային պատճառները, այլ ավելի խորն են թաղում դրանք: Որովհետև նման արդարացումներն արտահայտում են երևույթների վերաբերյալ մակերեսային գնահատականներ, իսկ քաղաքականությունը, հատկապես՝ արտաքին քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը, տեղի է ունենում խորքերում՝ երբեմն անտեսանելի ու անունկնդրելի խորքերում:
Քաղաքականության հիմնական աքսիոմաներից մեկն այն է, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Եթե ոչ՝ աքսիոմա, ապա՝ առնվազն թեորեմ է նաև այն դրույթը, որ միջազգային քաղաքականության մեջ խոշոր տերություններն իրենց նպատակներին ավելի հաճախ հասնում են իրենց իսկ կողմից հռչակված սկզբունքները խախտելով, իսկ փոքր երկրներին հաջողվում է խուսափել այդ «խախտումների արանքում» հայտնվելուց՝ նույն սկզբունքներին հավատարիմ, հետևողական լինելով ու դրա վրա կառուցելով սեփական քաղաքականությունը: Եվ եթե այս երկու դրույթները տեղայնացնենք Հայաստանի վրա՝ ներքին ու արտաքին քաղաքականության փոխկապակցվածության ու փոխպայմանավորվածության համատեքստում, ապա Հայաստանի՝ աշխարհում մերժված ու արհամարհված կարգավիճակի պատճառներն ավելի տեսանելի կդառնան:
Բացառիկ «սկզբունքայնություն»
Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքականությունն իրականացնում է ճիշտ այնպես, ինչպես վարվում է ներքին քաղաքականության ասպարեզում: Իսկ ներքաղաքական կյանքում իշխանությունների գործունեության հիմնական սկզբունքը որևէ սկզբունքի բացակայությունն է: Իշխանությունը չունի գաղափարախոսություն՝ այդ կատեգորիայի բովանդակային և ոչ քարոզչական իմաստով, իշխանությունը ներքին խնդիրները լուծելիս խտրություն չի դնում միջոցների մեջ, կանգ չի առնում ո՛չ քաղաքականության, ո՛չ մարդկային բարոյականության որևէ նորմ ոտնահարելու առջև:
Ասվածը հաստատող հարյուրավոր օրինակներ կարելի է գտնել վերջին 10-15 տարիներին Հայաստանի ներքաղաքական գործընթացների, ընտրությունների, կոալիցիաների կազմավորման ու փլուզման պատճառների մասին վկայությունները թերթելով:
Իշխանությունը գնել է բոլոր հնարավոր ընդդիմախոսներին, ամենավերջին որակումների է արժանացել նրանց, ապա՝ կոալիցիաներ կազմել, վիրավորել է անձնապես, ապա դարձրել դաշնակիցներ՝ քաղաքականապես, սպառնացել է քրեական ու ֆինանսական պատժամիջոցներով, ապա կենացներ է խմել համատեղ աշխատանքի համար: Այս երևույթն այնքան տարածված է, որ ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն, իշխանության գործունեության նորմ, իսկ դրա մասին վկայող օրինակների համար անգամ դոկտորական ատենախոսության ծավալը չի բավականացնի:
Ընդդիմությունն, ի դեպ, բացարձակապես հետ չի մնացել այս հարցում: «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ» էժանագին արտահայտությունը մանիֆեստ դարձրած ընդդիմադիրներն անշրջելի հրաշքներ են գործել իրենց արժեքային ու քաղաքական դեգրադացվածությունն ապացուցելու հարցում: Մշտական շահերի ու ոչ հավերժական բարեկամների մասին թեզն իրականում կիրառվել և կիրառվում է բոլոր երկրների կողմից, առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ասպարեզում, ու վերը նշվածի ընդդիմախոսները կարող են տասնյակ օրինակներ բերել, որոնք կվկայեն, թե ինչպես են ժողովրդավարության ջահակիր երկրները համագործակցում ավտորիտար ռեժիմների հետ, ինչպես են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում մի տարածաշրջանի ահաբեկիչներին վերացնելու համար օգտվում հարևան տարածաշրջանի տեռորիստների ծառայություններից: Այո, դա իրականություն է, սակայն միայն գերտերությունները կարող են իրենց թույլ տալ տեղավորվել այդ իրականության մեջ: Իսկ աշխարհագրորեն փոքր ու քաղաքականապես թույլ պետությունների կողմից երկակի ստանդարտներին տուրք տալը հղի է չափազանց վտանգավոր հետևանքներով:
Քանի որ որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակում չափանիշերից որևէ մեկին հետամուտ լինելը՝ ելնելով այդ իրավիճակում հաղթող կողմի հզորությունից, կարող է արդարացված համարվել ու անգամ դիվիդենտներ բերել, սակայն մեկ այլ դեպքում՝ այդ չափանիշը կիրառող երկրին սպասարկելը վերջինիս պարտության դեպքում կարող է հանգեցնել փոքր երկրի ոչ միայն պարտությանը, այլև անգամ ոչնչացմանը:
Այն, ինչ անում է Հայաստանը միջազգային ներկայիս խառը ժամանակներում, վերը նկարագրվածի գործնական դրսևորումն է: Հայաստանը դե ֆակտո ճանաչում է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին՝ հղում անելով ազգերի ինքնորոշման սկզբունքին՝ սեփական ձեռքերով «ականապատելով» ԼՂ-ին՝ լեգիտիմացնելով ցանկացած պահի նույնը նաև Արցախի հետ անելու ռուսական՝ դեռևս շիզոֆրենիկ դրևորումներով արտահայտվող մտադրությունները:
Մինչդեռ Հայաստանն առանձնապես ձայն չի հանում, երբ նույն՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի՝ առնվազն նույնքան կասկածելի դրսևորում է տեղի ունենում, ասենք, Կոսովոյում: Ձայն չի հանում, որովհետև դա հակասում է Ռուսաստանի շահերին: Հայաստանի անգամ փորձագիտական շրջանակներում գրեթե չի խոսվում Ռուսաստանի տարածքում ապրող տասնյակ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, մինչդեռ, երբ խոսքը վերաբերում է Ղրիմի օրինակով Մերձդնեստրը Ռուսաստանին բռնակցելուն, մեր հաստիքային փորձագետներն ու քաղաքագետները բլբուլ են կտրում:
Այս հակասականությունը և երկակիությունը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության գրեթե բոլոր ուղղություններին, այդ թվում՝ այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է:
Մենք աշխարհից պահանջում ենք ճանաչել հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունը՝ անցած դարի առաջին ցեղասպանությունը, մինչդեռ ՄԱԿ-ում մեր քվեարկությամբ հայտնվում ենք այնպիսի երկրների շարքում, որոնց իշխող ռեժիմները բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով «ցեղասպանություն» որակվող հանցագործություններ են իրականացնում սեփական ժողովուրդների դեմ: Մենք աշխարհից պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը՝ ապագայում ցեղասպանություններ թույլ չտալու համար, բայց խորհրդարանական պատվիրակություն ենք ուղարկում մի երկրի նախագահի հետ լայնարձակ ժպիտներով լուսանկարվելու, որի ռեժիմը մեղադրվում է սեփական քաղաքացիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Առնվազն աշխարհի այն երկրների մի մասի կողմից, որոնցից մենք պահանջում ենք Հայոց ցեղասպանության ճանաչում:
Ոչ քաղաքական լեզվով դա կոչվում է՝ փարիսեցիություն կամ երեսպաշտություն, որն արդեն 16 տարի Հայաստանում ներկայացվում է «կոմպլեմենտարիզմ» հնչեղ անվանումով:
Կոմպլեմենտարիզմ, այսինքն՝ «և-և», այսինքն՝ «համ-համ», այսինքն՝ «նաև-նաև», այսինքն՝ «կողմ-կողմ»… Կողմ՝ և՛ Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, կողմ՝ և՛ անհրաժեշտության դեպքում սեփական ժողովրդին ցեղասպանելուն, կողմ՝ և՛ ազգերի ինքնորոշմանը, կողմ՝ և՛ ինքնորոշման անվան տակ այլ երկրի հանդեպ անեքսիա իրականացնելուն, կողմ՝ և՛ ժողովրդավարական արժեքներին, կողմ՝ և՛ համարյա հանիբալության աստիճանի հասնող տոտալիտարիզմին:
Բացառիկ «պատրաստակամություն»
Թե ում է վերագրվում որևէ բան և որևէ մեկին չմերժելու պատրաստակամությունը մեր ժողովրդական բանահյուսության մեջ, հայտնի է: Ինչպես որ հայտնի է, թե որքան է տևում, որպես կանոն, թաքուն գործող ու որևէ մեկին չմերժող այդ սուբյեկտի «հրապարակային բողոքը»: Ժամկետները քաղաքականության մեջ, բնականաբար, նույնական չեն, և 40 օրը կարող է տևել 40 ամիս կամ գուցե տարի: Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Եթե պետությունը միջազգային քաղաքականության մեջ ներկայանում է այդ կերպարով, ապա նրան վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվում են այդ կերպարը կրողներին ամբողջ աշխարհում: Քաղաքակիրթ երկրներում՝ հանդուրժողաբար, արևելյան երկրներում՝ որպես հարեմի անդամի, Ռուսաստանում՝ որպես սեփական ազգային առանձնահատկությունից բխող պատրաստակամության: Անկախ վերաբերմունքի տարբերություններից, բոլորին միավորում է այն, որ բոլորն էլ օգտվում են այդ սուբյեկտների ծառայություններից:
Հատկապես, եթե սուբյեկտը գեղեցկադեմ է և գեղեցկակազմ: Իսկ նման հարաբերություններում գեղեցիկի մասին պատկերացումները փոքր-ինչ տարբերվում են Արիստոտելի կամ Ռաֆայելի կոնցեպտներից: «Գեղեցիկ» է համարվում այն, ինչն այդպիսին ներկայացվում է հնարավորինս լավ փաթեթավորված կամ շպարված: Իսկ «կոմպլեմենտար քաղաքականության», «և-և»-ի մասին Հայաստանի հայտարարություններն իրենց պոետիզմով ու հուզականությամբ կարող են գերել միջազգային քաղաքականության ցանկացած սուբյեկտի՝ զրկելով գայթակղությանը դիմադրելու բոլոր հնարավորություններից:
Ու որքան տհաճ, նույնքան օրինաչափ պետք է համարել, որ այնպես, ինչպես Հայաստանի իշխանությունը ներքաղաքական կյանքում վերաբերվում է սեփական ընդդիմախոսներին, այդպես էլ աշխարհը վերաբերվում է Հայաստանին:
Ընդհանուր առմամբ, ցանկացած ընդդիմադիր իշխանության համար «հաճախորդ» է, որին վճարելով՝ իշխանության կարծիքով, ինքն է դառնում նրա հաճախորդը: Նույն կերպ վարվում են Հայաստանի հետ: Վճարելով՝ անվտանգության խոստումներով, իբրև թե էժան գազով, պաշտոնյաներին մեդալներ ու կոչումներ շնորհելով…
Արդեն երկու օր է՝ Հայաստանի սոցցանցային հանրույթը, քաղաքացիական շրջանակները ցասման մեջ են՝ Գալուստ Սահակյանը դառում է ԱԺ նախագահ, Հովիկ Աբրահամյանն արդեն վարչապետ է: Ինչպիսի՜ խայտառակություն: Իրականում ամեն ինչ շատ ադեկվատ է: Հայաստանն աշխարհում հայտնվել է այնպիսի տեղում ու դերում, որ Հայաստանի ղեկավարները պետք է լինեն Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը:Իսկ այսօրվա ընդվզումները, արդարացի լինելով հանդերձ, ըստ էության ուշացած են: Ընդվզել պետք էր այն ժամանակ, երբ դրվում էին այնպիսի համակարգի հիմքերը, որոնք հնարավոր պետք է դարձնեին այս ու էլի շատ սուբյեկտների հայտնվելը պետության բարձրաստիճան պաշտոնյաների աթոռներին:
Ո՞րն է մեկնարկային կետը՝ 1996 թվականի ընտրություննե՞րը, 1998-ի չընտրություննե՞րը, 1999-ի ողբերգությո՞ւնը, 2003-ի խայտառակությո՞ւնը, 2008-ի սպա՞նդը, թե՞ 2012-ը ուրացումը, թերևս, առանձին քննարման թեմա է: Կարևորն այն է, որ եթե անգամ այդ բոլոր՝ Հայաստանի կործանմանը նպաստող իրադարձությունների ժամանակ եղել է ընդվզում, ապա չի եղել այնպես ու այնքան, որ այսօր ստիպված չլինեինք ամաչել Հայաստանի անունից հանդես եկողների համար: Որովհետև այսօրվա ցասման տրամաբանությունը մոտավորապես այնքան է, որքան Գալուստ Սահակյանի որևէ հրապարակային խոսքինը, այսինքն՝ բացակայում է իսպառ:
Սկզբունքային «բացառիկություն»
Արժեքներ-շահեր հակադրությունն ուղեկցել է մարդկությանը քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքում: Հայերս, որ հպարտանում ենք աշխարհաստեղծ ազգերից մեկը լինելով, հազարամյակների ընթացքում ավելի շատ ընտրել ենք շահերը ու հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ ստիպված ենք եղել պայքարել մեր գոյության համար՝ հղում անելով արժեքներին:
Դրա համար մենք աշխարհին տվել ենք այնպիսի արժեքավոր անհատներ, ինչպես Մովսես Խորենացին ու Չարենցը, Նարեկացին ու Կոմիտասը… Բայց չենք կարողացել ու չենք կարողանում ստեղծել պետություն, որում աշխարհը կարող է տեսնել այն արժեքները, որոնք աշխարհին՝ հարյուրամյակը մեկ, տվել են հայերը: Պետություն ունենալու մշտական դեգերումների մեջ: Որպես կանոն՝ հաջողությամբ չպսակված դեգերումների: Ու այդպես՝ համարյա կամ ավելի քան հինգ հազար տարի:
Հարություն Ավետիսյան