
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի հրամկազմի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին այցելել է Հադրութ շրջկենտրոն: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի հրամկազմի և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Բ. Սահակյանն այցելել է Հադրութի շրջանի Արաքսավան գյուղ և հանդիպել այնտեղ կազմակերպված Երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Դիմելով Արցախը և Սյունիքը ներկայացնող մոտ 700 երիտասարդներին` Նախագահը նշել է, որ լայնածավալ համապետական ծրագրերի իրականացումը մեծապես կախված է երիտասարդությունից:
Երկրի ղեկավարի խոսքով՝ եթե երիտասարդությունը զգա ծրագրի կարևորությունն ու հրատապությունը և պատրաստ լինի ակտիվորեն ներգրավվել, ապա ցանկացած խնդիր կարող է և պետք է հաջողությամբ լուծվի: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ մատաղ սերունդն ի վիճակի է շարունակել ավագների գործը և ունի անսպառ եռանդ, հայրենասիրական ոգի ու համախմբված է հայրենիքին սատար լինելու և նրա պայծառ ապագան կերտելու սուրբ գաղափարի շուրջ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Սյունիքից ժամանած պատվիրակությունը` մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք: