Ո՞վ է ասել, որ երկրորդ նախագահը կամ առաջին նախագահն իրավունք չունի քննադատելու. Էդուարդ Շարմազանով

«Մենք յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, և Գալուստ Սահակյանը բավականին հրապարակային գործիչ է, որպեսզի Դուք նրան երկրորդ, երրորդ անգամ հարց տաք և նա փակագծերը բացի»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն համաձա՞յն է Գալուստ Սահակյանի հայտարարության հետ, թե Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում քինախնդրություն կա:

Ըստ Շարմազանովի՝ առհասարակ բնական է, որ երկրորդ նախագահը, առաջին նախագահը, պաշտոնաթող նախագահները, քաղաքական այլ գործիչներ ունեն իրենց կարծիքները. «Իսկ Ձեզ ո՞վ է ասել, որ երկրորդ նախագահը կամ առաջին նախագահն իրավունք չունի քննադատելու: Մենք չենք ապրում տոտալիտար, կամ ավտորիտար երկրում: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ պաշտոնաթող նախագահները, առավել ևս երկրորդ և առաջին նախագահները, ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք: Ես համակարծիք եմ իմ կուսակցության կարծիքի հետ, և իմ կարծիքը ձեզ քաջ տեղյակ է»:

Մեկնաբանելով Քոչարյանի հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխություններն արվում են քաղաքական էլիտան վերարտադրելու համար, Շարմազանովը նշեց, որ դա պարոն Քոչարյանի կարծիքն է, իրենք հարգանքով են վերաբերվում պարոն Քոչարյանի, պարոն Տեր-Պետրոսյանի և այլ պարոնների կարծիքներին, բայց ունեն իրենց կարծիքը և գտնում են, որ եթե խոսում են համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, ապա համակարգային փոփոխություններ առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ. «Եվ գոնե ինձ համար բավականին զարմանալի են այն քաղաքական ուժերի հայտարարությունները, ովքեր նախագահական ընտրություններին ընդառաջ հայտարարում էին 100% համամասնական համակարգի անցման անհրաժեշտության և պառլամենտական կառավարման մասին, իսկ հիմա հայտարարում են, որ դրա անհրաժեշտությունը չկա: Մենք ունենք հստակ դիրքորոշում: Իրենց հարցրեք՝ ի՞նչ է փոխվել համակարգային փոփոխությունների մասով, որ կուրծք էիք ծեծում, իսկ հիմա ասում եք դրա կարիքը չկա»:

Տեսանյութեր

Լրահոս