Շուստրիների կառավարությունը . «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության Ազգային ժողով ներկայացրած օրինագիծն իրականում ոչ թե առկախում է կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, այլ էլ ավելի է խճճում հարցը կամ ընդամենը հարցը խճճելու նոր միջոց է:
Ինչի՞ մասին է խոսքը: Երեկ ԱԺ-ի սոցիալական հարցերով հանձնաժողովում օրենքի քննարկումից պարզ է դարձել, համենայնդեպս ըստ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանի մեկնաբանության, որ պահումները այնուամենայնիվ պարտադիր պետք է կատարվեն աշխատավարձերից, իսկ ահա փոխանցում գործատուն կարող է և չկատարել:
Այսինքն` ըստ էության բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի կառավարության շուստրիությունը, որով փորձ է արվել մի կողմից հասարակության մոտ լավամարդ դուրս գալ և կանխել լարվածությունը սոցիալական բողոքների հետ կապված, իսկ մյուս կողմից էլ` գործատուներին հերթական անգամ գցել են խուճապային, խառնաշփոթ իրավիճակի մեջ, երբ մարդիկ այս օրենքից հետո էլ սկսելու են իրար հարցնել, թե ի վերջո` պահենք, թե չպահենք:
Այն, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունից ավելին սպասելն, իհարկե, միամտություն կլիներ` ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց որ Աբրահամյանը այս աստիճանի բաց աճպարարության կարող էր դիմել` իհարկե անսպասելի է:
Ըստ երևույթին, Հովիկ Աբրահամյանի համար այս ամենը, այսպես ասած, շեղող մանևր էր, որպեսզի ուշադրություն գրավելով` ըստ էության հասարակության ուշադրությունը շեղեր կուտակայինի մասին իր կառավարության հեղինակած շուստրիությունից: Սակայն, ինչպես ասում են` փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում, և Հովիկ Աբրահամյանի կառավարությունն, ըստ էության, կարելի է ասել` ծակվեց դեռ չփչված, այսինքն` դեռ լրիվ չձևավորված»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։