Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ կարող է նախագահի թեկնածու առաջադրվել
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ կարող է առաջադրվել նախագահի թեկնածու: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով քաղաքացի Զարուհի Սիմոնյանի հարցադրմանը, թե Ն. Փաշինյանը պատրաստվու՞մ է արդյոք առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու:
«Մի քանի անգամ անդրադարձել եմ, որ նախագահի թեկնածու լինելը ես չեմ համարում ինքնանպատակ: Քանի որ ես զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում, ես չեմ կարող բացառել, որ կլինեմ նախագահի թեկնածու կամ որեւէ պատգամավորի թեկնածու, բայց չեմ էլ կարող վստահաբար պնդել, որ այդպես էլ լինելու է: Շատ կարեւոր փոփոխություն ենք ուզում անել քաղաքական գործունեության տրամաբանության մեջ եւ պետք է հասկանանք, որ ինչպես նախագահ, այնպես էլ նախագահի թեկնածուն ոչ թե պետք է ընկալել անհատ, այլ որոշակի ինստիտուցիոնալ գործընթացների արդյունքում ձեւավորված կարգավիճակ: Եվ շատ կարեւոր է նախագահական ընտրություններում որպես թեկնածու չառաջադրվել միայն առաջադրվելու համար: Դա կլինի այն պարագայում, երբ տեսնեմ, որ այդ պրոցեսով մենք լրջորեն նպաստելու ենք եւ ՀՀ քաղաքացիներին բերելու ենք կոնկրետ հաղթանակներ»,- ասել է պատգամավորը: