
Հայկ Դեմոյանի պատասխանը Էրդողանի հայտարարությանը

Հարգելի վարչապետ,
Ինձ համար զարմանալի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այսօրվա առաջնորդը պարզապես ցավ է հայտնում «1915թ. իրադարձությունների համար» ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Պետք է խոստովանեմ, որ սա կարևոր քայլ է, բայց, ցավոք, այն ուղղված չէ ճշմարտության բացահայտմանը, պատմության հետ առերեսմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև համերաշխության հաստատմանը:
Ցավոք, Ձեր հայտարարությունը պարունակում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող տարրեր, որն իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Թույլ տվեք նշել, որ այսօր շատ թուրքեր արդեն չեն հավատում Ձեր իսկ նշած «1915թ. իրադարձություններին» ինչպես Դուք այն անվանում եք: Դատելով թուրք այցելուների՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տպավորությունների մատյանում թողած գրառումներից, նրանք բոլորն էլ ցանկանում են իմանալ ողջ ճշմարտությունը, որը խեղաթյուրվել և թաքցվել է իրենցից Թուրքիայի պատմության ընթացքում: Կա մի պարզ և հզոր արտահայտություն՝ «ճշմարտությունն ազատություն է տալիս»: Սակայն հանդես գալով նման արտահայտությամբ` Դուք փորձում եք ապակողմնորոշել թուրք երիտասարդությանը:
Թույլ տվեք հիշեցնել Ձեզ, որ Ձեր հայտարարությունը հրապարակվեց Թուրքիայում Twitter կայքի արգելափակումից մի քանի օր հետո, ինչը ոտնահարում է թուրք երիտասարդության խոսքի ազատության հիմնարար իրավունքը: Ձեր հայտարարության մեջ Դուք օգտագործում եք «ժողովրդավարություն», «խաղաղություն», «օրենքի գերակայություն», «հանդուրժողականություն» և համընդհանուր այլ արժեք ներկայացնող հասկացություններ:
ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյան