Բաժիններ՝

Ատոմ Էգոյան․ «Ես հոգնել եմ իմ զայրույթից». «Ազատություն»

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական պարբերականը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ հանդես է եկել հատուկ նախաձեռնությամբ, հրապարակելով աշխարհին հայտնի ազգությամբ հայ մտավորականների նամակներ՝ ուղղված թուրք ժողովրդին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը իր նամակը սկսում է հետևյալ տողերով. «Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես կզգայիք ու կմտածեիք, որ արդեն բավական է, և ժամանակն է հաղթահարել անցյալը»:

«Ես սաստիկ հոգնել եմ ձեր կառավարության սարսափելի ժխտումից, – շարունակում է սփյուռքահայ ռեժիսորը,- Մի ամբողջ դար ձեր կառավարությունը ձեզ պարտադրել է ցեղասպանության ժխտումը»:

«Իրականությունը բացահայտելու հանձնաժողովներ երբեք էլ գոյություն չեն ունենա, և մենք էլ հետաքրքրված չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Իրականությունը մենք գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, տեսել ենք նաև ձեր պատերազմական մեղսակիցների արխիվները,- ընդգծում է Էգոյանը և իր նամակն ավարտում թուրքերին ուղղված խնդրանքով,- Հարցաքննեք ձեր կառավարությանը, ընդվզեք՝ այս կնճռոտ մարտահրավերը դիմագրավելու համար»:

Իր երաժշտության միջոցով բազմահազարանոց լսարանների առջև Ցեղասպանության մասին մշտապես հանդես եկող ամերիկյան հռչակավոր System of a Down խմբի անդամ, երաժիշտ Սերժ Թանկյանը նամակը սկսում է իր պապերի ողբերգական պատմությամբ.

«Թուրքիան ինձ համար շատ կարևոր է ոչ միայն որ պապերս այնտեղ են ծնվել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն է եկել այդ հողերից, որոնք բռնի ուժով խլել են իրենցից՝ ոչ թե պատերազմի հետևանքով կամ երկրի սահմանների փոփոխության, այլ օսմանյան Թուրքիայի վայրագ հրահանգների պատճառով»:

«Տեղյա՞կ եք արդյոք, թե ձեր կառավարությունը տարեկան քանի միլիոն դոլար է ծախսում այս ամենը օտար մայրաքաղաքներում ժխտելու համար, և գիտե՞ք, թե որքան տանջալի է այդ ամենը մեզ համար, – թուրքերին հարցնում է աշխարհահռչակ երաժիշտը և շարունակում,- Բավական չէ, որ սոսկալի եղեռն վերապրածի թոռ եմ, դեռ մի բան էլ ստիպված եմ արդարությունը վերականգնելու համար միջազգային ատյաններում այդ քարոզչության դեմ պայքարել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս