24-ամյա երիտասարդը մեղադրվում է 2 անչափահաս աղջիկների հավաքագրելու և ՌԴ տեղափոխելու մեջ
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ սիրային կապի մեջ գտնվող կնոջ հետ նախնական համաձայնության է եկել սեռական շահագործման նպատակով 2 անչափահաս աղջիկների հավաքագրելու, և նրանց տեղափոխումը Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կազմակերպելու և այնտեղ նրանց պոռնկության շահագործման հանձնելու դիտավորության մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ տղան անչափահաս աղջիկաներից մեկին նրա հետ ամուսնանալու, նրան Վոլգոգրադ քաղաք՝ իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելու, այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներ է տվել, իր հանցակից կնոջն անչափահաս աղջիկա հարազատների և մտերիմների շրջանում ներկայացրել է իբրև իր մորաքրոջ աղջիկ, չարաշահել նրանց վստահությունը և հավաքագրել է անչափահաս աղջկան։
Ըստ մեղադրական եզրակացության՝ նույն նպատակով երիտասարդն իր հետ սիրային կապի մեջ գտնվող կնոջ հետ նախնական համաձայնությամբ, Վոլգոգրադ տեղափոխելու և իրենց հետ համատեղ բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով, փորձել են հավաքագրել նաև անչափահաս աղջկա ընկերուհուն:
Ըստ մեղադրանքի՝ նրանք չեն կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ անչափահաս աղջկա ընկերուհին հրաժարվել է ՌԴ մեկնել:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով երիտասարդն ու նրա հետ սիրային կապի մեջ գտնվող կինը նախնական համաձայնությամբ Բագրատաշենի սահմանային կետով անչափահաս աղջկան տեղափոխել են ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ նրա փախուստը կանխելու նպատակով վերցրել են անձնագիրը: Ըստ մեղադրանքի՝ անչափահաս աղջկան ծեծի ենթարկելով և բռնության սպառնալիքներով փորձել են ներգրավել պոռնկության շահագործման մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց, սակայն՝ տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման՝ հարկադիր աշխատանքի մեջ՝ պարտադրելով գյուղերից մեկում գբաղվել հողագործությամբ։
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: