Շուտով կլուծվի Ալեք Մանուկյան փողոցի հանրակացարանների խնդիրը. ԼՂՀ վարչապետ
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա հարությունյանը ընդունել է Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 120 և 120ա հասցեում գտնվող հանրակացարանների բնակիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքերի վերանորոգման և օտարման հետ կապված հարցեր:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրով նախատեսված է լուծել վթարային և հանրակացարանային շենքերի խնդիրը: Գործադիրի ղեկավարը ընդգծել է, որ պետք է քաղաքացիները պետության հնարավորություններից տեղյակ լինեն և ըմբռնումով մոտենան կառավարության որոշումներին: Նրա խոսքով՝ կապիտալ շինարարության համար պետբյուջեից նախատեսված 11 միլիարդ դրամի շրջանակներում կառավարությունը պետք է կառուցի դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, այդ պատճառով խնդիրներն աստիճանաբար են լուծվում: իսկ միայն վթարային ու հանրակացարանային շենքերի պայմանների բարելավման կամ օտարման համար անհրաժեշտ է մի քանի միլիարդ դրամ:
Ա. Հարությունյանը տեղեկացրել է հանդիպմանը ներկա բնակիչներին, որ կարճ ժամանակում լուծվելու են երկու հանրակացարանների խնդիրները: Նա նշել է, որ ընտանիքների մի մասին տրամադրվելու են բնակարաններ այլ բնակֆոնդերից, իսկ հանրակացարաններում ազատված սենյակները փոխանցվելու են մնացյալ ընտանիքներին: Կառավարության ղեկավարը հավելել է, որ պետությունն իր վրա է վերցնելու անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կառուցումը՝ հանրակացարանները դարձնելով քաղաքաշինական նորմերին համապատասխանող շենքեր:
Քաղաքացիների հարցերին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ խնդրով զբաղվող հանձնաժողովը մշակելու է համապատասխան սկզբունքները՝ բանակցելով բոլոր ընտանիքների հետ, որոնց հիման վրա որոշվելու են նոր բնակարաններ ստացող և տեղում մնացող ընտանիքների ցանկերը: Նա տեղեկացրել է բնակիչներին, որ հանձնաժողովի աշխատանքները լինելու են առավելագույնս թափանցիկ, և այն պարբերական կապի մեջ է լինելու իրենց հետ:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին