Կանազի հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի գործը դատարանում է. մեղադրվում են 4 շարքային զինծառայողներ

Կանազի հոսպիտալում 2013թ. տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 շարքային զինծառայողների՝ չնայած նրանցից ոմանց ծնողները նշել էին, որ իրենց երեխաները ծեծի են ենթակվել:

Ինչպես տեղեկանում ենք datalex  դատական տեղեկատվական համակարգից, շարքային զինծառայող Ռազմիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ «գտնվելով ստացիոնար բուժման մեջ ՀՀ ՊՆ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում (նույն բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում), ալկոհոլի ազդեցության տակ, նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ՝ մի խումբ անձանցով, բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ ՊՆ N զորամասի (հոսպիտալի) հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը: Ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողապահարանը՝ որպես զենք օգտագործելով, նետել են, համապատասխանաբար՝ Ռ.Մանուկյանը Ս.Օհանյանի ուղղությամբ: Իսկ Ա.Թորոսյանը՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ, այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ՝ մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել»:

Շարքային զինծառայող Արշակ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ «ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի հոգեբուժական բաժանմունքում (նույն բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում) նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ռազմիկ Մանուկյանի և Դավիթ Մարկոսյանի հետ՝ մի խումբ անձանցով, բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ ՊՆ N զորամասի (հոսպիտալի) հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը: Ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողապահարանները՝ որպես զենք օգտագործելով, նետել են, համապատասխանաբար՝ Ռ.Մանուկյանը Ս.Օհանյանի ուղղությամբ, իսկ Ա.Թորոսյանը՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ»:

Շարքային զինծառայող Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ «ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի հոգեբուժական բաժանմունքում (նույն բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում) նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ռազմիկ Մանուկյանի և Արշակ Թորոսյանի միջև առաջացած կոնֆլիկտի ընթացքում, վերջիններիս հետ՝ մի խումբ անձանցով, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, այն է՝ բաժանմունքում կարգուկանոն հաստատելու պահանջ ներկայացնելու պատճառով բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել իրենց դիտողության անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, միաժամանակ բռնություն գործադրելու դիտավորությամբ փորձել է բռունցքով հարվածել Ս. Օհանյանին՝ ինչն իր կամքից անկախ հանգամանքներով չի կատարվել։ Բացի այդ, բջջային հեռախոս պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է կոնսուլտացիայի նպատակով նույն բաժանմունք ներկայացված, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Դանիելյանի հետ և ձեռքով հարվածել նրան՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք»:

Շարքային զինծառայող Գարեգին Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ «գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասի հանգստի սենյակում, կատարել է անդամախեղում, բացի այդ՝ իրենց բջջային հեռախոսն ուզելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում իրեն հայհոյելու և հարվածելու համար բռնություն գործադրելով՝ ոտքով մեկ անգամ հարվածել է ժամկետային զինծառայող Դավիթ Մարկոսյանի ոտքին՝ պատճառելով վերջինիս առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք»:

Ըստ datalex-ի՝ Ռազմիկ Մանուկյանի և Արշակ Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, մյուս երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ դեպքից հետո այս զինծառայողներից ոմանց ծնողները հայտնել էին, որ իրենց երեխաներին ծեծի են ենթարկել հոսպիտալի աշխատակիցներ:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նրանցից մեկը՝ Դավիթ Մարկոսյանը պատմել էր. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են։ Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել։ Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք։ Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»:

Տեսանյութեր

Լրահոս