Մոսկվայում ազգությամբ հայ «օրենքով գող» է ձերբակալվել. tert.am
ՌՌԴ ՆԳՆ աշխատակիցները շարունակում են սարսափի մեջ պահել գողական հանրությանը։ Չորս ամիսների ընթացքում նրանք 3 «գողական հավաք» են կանխել, ձերբակալել են ավելի քան 20 «օրենքով գողի»։ Նրանցից 8-ը քրեական պատասխանատվության են ենթարկվել, տեղեկացնում է Prime Crime-ը։
Վերջին ձերբակալվածը 36-ամյա հայ «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանն է, նույն ինքը՝ Արտյոմ Սարատովսկին։ Նրան ձերբակալել են Զատկի նախօրեին՝ Դոմոդեդովո շրջանում։
Նախկինում ազատազրկված Արտյոմ Սարգսյանը «թագադրվել» է Թուրքիայում անցյալ տարվա հունիսին՝ Դաթո Ջանգիձեի, Բոնդո Ստուրուայի և այլոց հետ։ Prime Crime-ը նշում է, որ գաղտնիք չէ, որ «նոր արյունն» անհրաժեշտ է հակամարտող գողական կլաններին պատերազմը շարունակելու համար։ Արտյոմի «մարտական մկրտությունը» երկար սպասել չի տվել։
Անցյալ տարվա հոկտեմբերին Դաթոյի ընկերակցությամբ նրանք Արմավիրում հաշվեհարդար են տեսել տեղացի «օրենքով գող» Արա Մուրադյանի հետ, որը Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի «թագադրած» վերջին «օրենքով գողն» էր։ Այդ ժամանակ սպանվել էր Արայի մերձավորներից մեկը։
Ասում են, որ Արտյոմը զարմացել էր դեպքերի նման զարգացումից և ընկերներին մեղադրել իրեն սպանության մեջ ներքաշելու համար, չնայած հավաքվել էին պարզապես խոսելու։
Հավանաբար, Արտյոմին տանջել է այն հանգամանքը, որ ինքը հայ է, ինչպես Արան և նրա սպանված համախոհը։ Հավանաբար, հենց այդ պատճառով էլ նրա գանգատներն ըմբռնումով չընդունվեցին նրա օտարազգի մեղսակիցների կողմից։
Դրանից հետո Հայաստանում աղմուկ բարձրացրեց մեկ այլ միջադեպ։ Լենինականցի «օրենքով գող» Զապին դիմեց մի տղամարդ, որի խոսքով՝ Արտյոմը, մինչ «օրենքով գող» դառնալը, իրեն չի վճարել նարդիով պարտված գրավը և այդ հանգամանքը թաքցրել է իրեն թագադրողներից։
Հայ «օրենքով գողերը» նրան հայրենիք են կանչել՝ իրավիճակը պարզելու համար, սակայն այդ այցը տարբեր պատճառներով հետաձգվում է։
Եթե այդ անձը չի ստել, Արտյոմն ընդմիշտ կզրկվի անունից, քանի որ խաղային պարտքը պատվի հարց է, և այդ մարդը չի կարող «գող» համարվել՝ անկախ կլանային պատկանելությունից։
Թարգմանությունը` Tert.am-ի: