ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը, բարձր գնահատել ԱՄՆ աջակցությունը մեր երկրում իրականացվող ռեֆորմներին և վերահաստատել կառավարության՝ դրանք շարունակելու պատրաստակամությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«ՀՀ կառավարությունը հանձինս վարչապետի շարունակելու է ամրապնդել և ավելի ակտիվացնել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որ եղել է այս տարիների ընթացքում: Համոզված եմ, որ ապագայում սերտ համագործակցելու ենք և ակնկալում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակելու և ավելի մեծ թափով իրականացնելու գործում», – նշել է վարչապետ Աբրահամյանը:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ մինչ օրս ծավալված  և ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունից՝ պարոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կսերտանան և կամրապնդվեն:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեսպանի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ընթացիկ բարեփոխումների շարունակականության ապահովման և նոր ռեֆորմների իրականացման տեսլականը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն  աշխատելու է թափանցիկ և բաց է լինելու հասարակության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է քննարկվի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի այն ճիշտ ներկայացվի, ընկալելի լինի հանրության համար և ծառայի իր նպատակին: ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության մի շարք ուղղությունների և ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո մանրամասն քննարկել երկկողմ բազմավեկտոր գործակցության հեռանկարները և հետագա ծրագրերը:

Տեսանյութեր

Լրահոս