![](/banners/BeFunky-design.jpg)
Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը «Դ!ԵՄ ԵՄ» շարժման վրա չի կարող ազդեցություն ունենալ
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/Dem-Em31.jpg)
Սեղմ ժամկետում կուտակային կենսաթոշակների հետ կապված տույժերի հաշվարկի կասեցման մասին օրինագիծ մշակելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը «Դ!ԵՄ ԵՄ» շարժման վրա չի կարող ազդեցություն ունենալ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց շարժման ակտիվիստ Վահան Դուրինյանը, «Դ!ԵՄ ԵՄ»-ի քայլերի վրա դա կազդի այն դեպքում, երբ հստակ ինչ-որ բան լինի, այսինքն՝ փաստաթուղթն ընդունվի:
«Խոսքերը՝ ինչ քանակությամբ և ինչ որակի ուզում է լինի, չեն ազդի, որովհետև խոսքեր շատ են եղել»,- ասաց Վ. Դուրինյանը:
Մեր դիտարկմանը, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին շատ էր փորձում շարժման հատկապես ակտիվ անդամների հետ առանձին հանդիպել ու «երկխոսել», արդյոք Հովիկ Աբրահամյանը փորձե՞լ է առանձին հանդիպել և հատուկ մոտեցում ցուցաբերել, Վ. Դուրինյանը պատասխանեց, որ նոր վարչապետը դեռ քայլ չի արել ակտիվիստներին հանդիպելու համար:
Անդրադառնալով այսօր 19:30 Բաղրամյան 26-ի դիմաց կայանալիք ակցիային Դուրինյանը նշեց, որ այդ ակցիայով ավելի շատ ուզում են հստակեցնել Սահմանադրությունում ամրագրված այն դրույթը, որ երկրի նախագահը ՍԴ երաշխավորն է:
«Եվ քանի որ ներկա դրությամբ Սահմանադրությունը խախտված է նույն պաշտոնյաների՝ նախագահի ենթակաների կողմից, մենք կոչ ենք անում այդ պաշտոնյաներին ուշքի բերել»,- նշեց Վ. Դուրինյանը: