Միությունների ղեկավարների նամակը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
Հայաստանի ստեղծագործական միությունները պատրաստ են աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի` մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման նախաձեռնություններին և ծրագրերին: Այս մասին միությունների ղեկավարները նշել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հղված նամակում: Մշակույթի գործիչներն ակնկալում են իրենց գաղափարները ներկայացնել նաեւ վարչապետի հետ հանդիպման հնարավորություն ստանալու պարագայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամակում նշված է.
«Մեծարգո պարոն վարչապետ, ամենից և ամենքից առաջ մենք՝ մշակույթի և արվեստի բնագավառի ներկայացուցիչներս, ցանկանում ենք Ձեզ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր, պատասխանատու, արժանապատիվ և պատվախնդիր պաշտոնին արժանանալու համար, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը ա՛յն վստահության համար, որ տածում են Ձեր հանդեպ, մաղթել Ձեզ քաջառողջություն, տոկունություն, կամք և եռանդ՝ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած քաղաքական, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ խնդիրների լուծման ու մեր ազգային իղձերի և ծրագրերի իրականացման ճանապարհին:
Միաժամանակ, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում ակնկալվող հնարավոր և անհրաժեշտ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող փոփոխությունների համատեքստում, որոնց մասին խոսվում է վերջին օրերս, մենք՝ մշակութային գործիչներս, որ Ձեզ հետ միասին պատասխանատվություն ենք կրում Հայոց պետականության կերտման, հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, ինչպես նաև՝ մշակույթի և արվեստի բնագավառում պետական քաղաքականության մշակման և բարեփոխումների ընթացքի համար, որից մեծապես կախված է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ աջակցելու ենք Հայոց մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ Ձեր բոլոր ա՛յն նախաձեռնություններին և ծրագրերին, որոնք Դուք նպատակահարմար կհամարեք ծանոթացնել և քննարկել ստեղծագործական միությունների ներկայացուցիչներիս, մշակույթի և արվեստի գործիչներիս հետ:
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո այս տարիներին եղել են հնարավորություն և նախադրյալներ պետական մշակութային քաղաքականության մշակման, մշակույթի և արվեստի բնագավառի իրավական կարգավորման համար, մշակույթի և արվեստի գործիչների կողմից ստեղծվել և ստեղծվում են արժեքավոր ստեղծագործություններ, սակայն մշակույթի և արվեստի բնագավառում չի եղել հայեցակարգային մոտեցում, ծրագրային պետական քաղաքականություն և բնագավառն ամբողջությամբ իրավական կարգավորման անհրաժեշտություն ունի: Ուստի մենք՝ մշակույթի գործիչներս, ցանկանում ենք հանդիպել Ձեզ հետ, քննարկել բնագավառին վերաբերող խնդիրները՝ ստանձնելով այդ պատասխանատվությունը»:
Նամակն ստորագրել են Հայաստանի ստեղծագործական բոլոր միությունների ղեկավարները: