Դատական ոլորտի վերաբերյալ Օմբուդսմենի առաջարկներն ընդունվել են

Ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների կատարման վերաբերյալ նախագծին: Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ամիսներ առաջ տարբեր ձևաչափերով, նաև հրապարակային կարգով ներկայացրել էր իր մտահոգություններն ու առաջարկությունները իրավասու մարմիններին:

Որպես էական առաջընթաց քայլ՝ արձանագրում ենք, որ Կառավարության նախագծով սահմանվել է Արդարադատության խորհրդի նիստերի դռնբացության ընդհանուր կանոնը, ինչը կարող է որոշակիորեն բարձրացնել այս մարմնի գործունեության թափանցիկությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով: Այս սկզբունքային առաջարկը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար բարձրացվել է տարբեր հարթակներում և, ի վերջո, ներառվել է թե՛ Մարդու իրավունքների ազգային ծրագրում և թե՛ այս օրենքի նախագծում:

Ողջունելի է, որ Արդարադատության նախարարության կողմից նախագծի վերջնական տեքստում փոփոխության են ենթարկվել մի շարք խնդրահարույց դրույթներ, դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառելի է դարձել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, որոնց վերաբերյալ նախատեսված էր բացառություն նախագծի նախորդ տարբերակում: Բարեփոխվել է դատավորների գործունեության գնահատման կարգը, դատական ակտերի կայունության ցուցանիշը հանվել է գնահատման չափանիշների ցանկից, բարելավվել է դատավորների կողմից գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը:

Այս բոլոր դրական փոփոխությունների հետ մեկտեղ Պաշտպանն ունի որոշակի մտահոգություններ դատավորների գործունեության գնահատման արդյունքները՝ որպես դատավորի լիազորությունների դադարեցման հիմք, կիրառելու գործնական վտանգների և դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության առանձին հիմքերի կիրառման վերաբերյալ: Այս ուղղությամբ ևս Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Նախագծի հեղինակների հետ:

Պաշտպանի աշխատակազմ

 

Տեսանյութեր

Լրահոս