Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում խնդիրներ չի ունենա. ԳԱԼԱ

ՕԵԿ-ի` իշխանական կոալիցիան լքելուց հետո խորհրդարանում ստեղծվում է հետևյալ պատկերը` 69 իշխանական և 61 ոչ իշխանական պատգամավոր: Եթե հաշվի առնենք, որ խորհրդարանում իշխանական թևը հաճախ է բացակա պատգամավորներ ունենում` արդյոք այս հանգամանքը օրենքների ընդունման տեսակետից ՀՀԿ-ականներին  փաստի առաջ չի՞ կանգնեցնի, որքանո՞վ էր սպասելի քաղաքական մեծամասնություն կազմող ուժի համար ՕԵԿ-ի հայտարարությունն առհասարակ և քաղաքական ի՞նչ մենաշնորհի մասին էին նշում ՕԵԿ-ականները:  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում անունը վերջին շրջանում քննարկվում է ԱԺ նախագահի հնարավոր թեկնածուների շարքում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանելով ստեղծված քաղաքական իրադրությունը՝ ընդգծեց, որ իր խորին համոզմամբ դժվար թե խորհրդարանում որևէ տարբերակված մոտեցում առաջանա:

«Մենք 70 պատգամավոր ունենք, այնպես որ նմանատիպ խնդիրներ չեն կարող առաջանալ: Առավել ևս, որ սովորաբար, երբ վիճելի օրենքներ են լինում, մենք քննարկում ենք, խորհրդակցում ենք նաև խմբակցության այս կամ այն անդամների հետ կամ խմբակցության ղեկավարի հետ: Դա իսկապես այդպես է: Չեմ կարծում, որ այդտեղ որևէ խնդիր կա կամ կարող է առաջանալ»:

Անդրադառնալով ԳԱԼԱ-ի այն նկատառմանը, թե ՀՀԿ-ական պատգամավորների բացակայություններն արդեն լուրջ խնդիր կարող են ստեղծել, Գալուստ Սահակյանը ընդգծել է.

«Մենք երբևիցե անհարգելի բացակայություններ չենք ունենում: Այնպես չէ, որ մենք բացականեր ենք ունենում… Հրատապ խնդիրներ առաջացնող քննարկումների ընթացքում կաշխատենք, որ այդ օրերին գործուղումներ չծրագրեն մեր պատգամավորները, քանզի բացակաները երբեմն հենց գործուղումների հետևանք են լինում: Չեմ տեսնում որևիցե խնդիր»:

Հարցին, թե ստացվում է  ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը ՀՀԿ-ի համար առանձնապես խնդրահարույց հետևանքներ չի ունենա, Գալուստ Սահակյանն արձագանքել է.

«Եթե խնդիրը վերաբերում է քվեարկություններին, ապա կարծում եմ, որ խնդիր չի առաջանա: Բայց այն տեսակետից, որ յուրաքանչյուր բան քննարկում էինք խմբակցության հետ կամ խմբակցության ղեկավարի հետ, այդ քննարկումների փուլը չենք ունենա»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս