Կարեն Անդրեասյանի զեկույցն ընդունվել է ի գիտություն

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել եւ ի գիտություն է ընդունել «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նիստի ընթացքում ներկայացրեց արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության, էներգետիկայի, դատախազության, սոցիալական ապահովության եւ մի շարք այլ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թերություններն ու խնդիրները, արձանագրված դրական քայլերը եւ առաջարկներ ներկայացրեց: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովին համատեղ աշխատանքի համար, ինչի արդյունքում ոլորտի մի շարք խնդիրներ լուծում են ստացել:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հարակից զեկույցում նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծավալուն եւ ոլորտի թերություններն առավել ընդգրկուն ներկայացնող զեկույց է պատրաստել:

Հանձնաժողովը քննարկված զեկույցն ընդունեց ի գիտություն:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար հանձնաժողովը քննարկեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել, հաշվի են առնվել կառավարության դիտողությունները:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մինչեւ 1 տարի ժամկետով հետաձգեց «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած օրինագծի քննարկումը:

Տեսանյութեր

Լրահոս