Հովիկ Աբրահամյանի հարստությունը. ոչ այնքան «անկեղծ»
Անցյալ տարի լրագրողներից մեկը դեռևս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել էր, թե մոտավորապես որքա՞ն է գնահատում իր ունեցվածքը, ինչին Աբրահամյանը պատասխանել էր. «Հայտարարագիրը որ վերցնեք նայեք, էնտեղ շատ օբյեկտիվ, անկեղծ գրված է»:
Սակայն Հովիկ Աբրահամյանի հայտարարագրերն ամենևին էլ անկեղծների շարքին դասել չի կարելի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած 2011 թ. և 2012թ. հայտարարագրերում ոչ մի տվյալ առկա չէ Աբրահամյանի ունեցած անշարժ ու շարժական գույքերի, արժեթղթերի կամ այլ ներդրումների մասին: Ըստ դրանց` Աբրահամյանը չի տվել կամ վերցրել որևէ փոխառություն, նաև չի տիրապետում 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իրի:
Ուշագրավ է, որ բանկում նրա ֆինանսական միջոցները տարեցտարի նվազում են: Այսպես, 2010-ին նրա հաշվեհամարին եղել է 310 մլն դրամ, 2011-ին` 290 մլն դրամ, 2012-ին` 280 մլն:
Նվազել են նաև Աբրահամյանի դոլարային հաշիվները: 2010-ին նա բանկում ունեցել է 2.1 մլն դոլար, 2011-ին` 2 մլն 50 հազար դոլար, 2012-ին` 2 մլն դոլար: Հարց է ծագում, թե ինչի՞ վրա է Աբրահամյանն այսքան գումար ծախսել իր կուտակած խնայողություններից: Դժվար թե նա անցած ընտրական գործընթացների ժամանակ իր անձնական միջոցներից այսքան գումար ծախսեր:
Իսկ եթե անգամ 2012-ին ծախսել է խորհրդարանական ընտրությունների համար, ապա 2011-ին այդ նվազման որևէ բացատրություն գտնելը դժվար է: Ճիշտ է, բոլորը գիտեն, թե ինչ ճոխ առանձնատուն է նա կառուցել «Հաղթանակ» զբոսայգու մոտ` Ազատության պողոտայի սկզբնամասում: Բայց այս մասին Աբրահամյանի հայտարարագիրը չի «անկեղծանում»:
Ֆինանսական միջոցների նվազմանը զուգահեռ` զգալի ավելացել են նաև Հ.Աբրահամյանի եկամուտները, մասնավորապես` աշխատավարձը 2011-ին եղել է 3,671,030 դրամ, իսկ 2012-ին հասել է 4,256,010 դրամի: Աբրահամյանի համար կայուն և աճող եկամուտ է ապահովվել գյուղմթերքի իրացումից` 1 տարում ավելանալով 5 մլն դրամով (2011-ին` 40 մլն դրամ, 2012-ին` 45 մլն դրամ): Թե ինչ գյուղական հողատարածքներից ստացված բերք ու բարիքից է Աբրահամյանն այսքան հսկա շահույթ ստացել, նրա «անկեղծ» հայտարարագիրը կրկին լռում է:
Անկեղծության որոշակի տարրեր պարունակում է նախընտրական շրջանում որպես պատգամավորի թեկնածու` Հ.Աբրահամյանի ԿԸՀ ներկայացրած հայտարարագիրը, ըստ որի` նա ունի 3 բնակարան` Թումանյան (276 քմ մակերեսով), Շմիդտ (146 քմ) և Տերյան փողոցներում (260 քմ) ու 1 ավտոկանգառ (18 քմ):
Բայց ահա Ամիրյան 4 հասցեում գտնվող հսկա կառույցը, որտեղ տեղակայված են «Նացիոնալ» հյուրանոցն ու «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնը, որ, ըստ լավատեղյակ աղբյուրների պնդումների, կրկին պատկանում են Աբրահամյանին, ինչպես նաև` Արարատում նրա ունեցած հողատարածքները, գործարաններն ու այլևայլ գույքը նրա հայտարարագրերում բացակայում են:
Հովիկ Աբրահամյանի տիկնոջ` Ջուլիետա Աբրահամյանի հայտարարագիրը լրացված է նույն ոգով: Ըստ այդմ` նա չունի ոչ մի անշարժ կամ շարժական գույք, արժեթուղթ, թանկարժեք իր, իսկ դրամական միջոցները 2012-ին նույնիսկ գերազանցել են ամուսնու խնայողությունները` 302 մլն դրամ և 2.9 մլն դոլար: Մինչդեռ այս միլիոնների տիրուհին գործազուրկ է, նա ոչ մի տեղ չի աշխատում և աշխատավարձ չի ստանում: Փոխարենը` կրկին գյուղմթերքի իրացումից, տիկին Աբրահամյանի տարեկան եկամուտը կազմել է 48 մլն դրամ:
Ցավոք, Աբրահամյանների անցած տարվա հարստության ճակատագիրն առայժմ անհայտ է: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32 և 33-րդ հոդվածների պահանջների համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մինչև 2014թ. փետրվարի 15-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Թեև «168 Ժամի» հետ զրույցում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը վստահեցրեց, որ բոլոր պաշտոնյաները, այդ թվում` Հովիկ Աբրահամյանը, արդեն ներկայացրել են իրենց հայտարարագրերը, սակայն դրանք մինչ օրս հասանելի չեն հասարակությանը:
Պատճառաբանությունը, ինչպես արդեն տեղեկացրել էր մամուլը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգի ներդնումն է, որի գործարկումը, ըստ Խուդավերդյանի, սպասվում է օր օրի: Հանձնաժողովը վստահ է, որ նոր համակարգը հնարավորություն կտա ապահովել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ առավել ճշգրիտ ու ընթեռնելի տեղեկատվության ներկայացում հանրությանը: