«Դատավորների զգալի մասն արդարադատության դեմ գործած հանցանքների համար լյուստրացիայի է ենթակա»
ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում անդրադարձ է կատարվել նաև դատական իշխանությանը: Նախագծում նշված են փոփոխությունների որոշակի տարբերակներ` ազգային արդարադատական համակարգում երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորության նախատեսում, «ուշադրության է արժանի նաև դատական ատյանների քանակի կրճատումը (եռաստիճանից` երկաստիճան)` երկրորդ ատյանում վերաքննության ու վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով», «առաջին ատյանի դատարանում կարող է ստեղծվել ինքնուրույն դատական օղակ, որոնք հատուկ կամ մասնագիտացված գործառույթ (օրինակ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն) իրականացնելով` կբեռնաթափեն ընդհանուր իրավասության դատարանները` ապահովելով նաև կոնկրետ հարցերով դատական գործունեության պատշաճ որակը»: Առաջարկվող փոփոխությունների մասին զրուցել ենք փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ:
– Պարոն Շուշանյան, ինչպե՞ս եք գնահատում հայեցակարգի նախագծի` դատական իշխանությանը վերաբերող մասը, առաջարկվող փոփոխություններն ինչպե՞ս կարող են ազդել արդարադատության վրա:
– Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի` դատական իշխանությանը վերաբերող մասը ելնում է նրանից, որ դատական իշխանությունում բարեփոխումներ պետք է կատարվեն, բայց հաշվի չեն առնում մի կարևոր հանգամանք. մենք ներկայումս` որպես այդպիսին, չունենք դատական անկախ իշխանություն:
Բարեփոխվել կարող է մի համակարգ, որն այս կամ այն չափով արդեն կայացել է: Միայն այդ դեպքում կարելի է խոսել բարեփոխման մասին: Քանի որ ես համարում եմ, որ մենք դատական անկախ իշխանություն` որպես այդպիսին, չունենք` որպես իշխանության անկախ մարմին, հետևապես բարեփոխումների մասին խոսելը, կարծում եմ, զուտ դեմագոգիա է: Ես կուզենամ առանձնացնել հետևյալը, կուզեմ խոսել քրեական արդարադատության մասին:
Չնայած քաղաքական, վարչական արդարադատությունը նույնպես շատ կարևոր են, բայց դատական իշխանության անկախության բացակայությունը հատկապես վառ երևում է հենց քրեական արդարադատության իրականացման ընթացքում: Եթե քաղաքացիական արդարադատության ժամանակ դատավարության մասնակիցները, որպես կանոն, քաղաքացիներն են կամ իրավաբանական անձինք են, արդարադատության իրականացման մասին այս կամ այն չափով կարող ենք խոսել` չնայած այնտեղ նույնպես առկա են լրջագույն խնդիրներ: Մասնավորապես շատ մեծ ծավալով կոռուպցիոն դրսևորումներ կան, և քաղաքացիները վճարում են ոչ միայն անօրինական դատական ակտ ստանալու, այլ հաճախ` օրենքով իրենց հասանելիքը ստանալու համար: Այսինքն` արդարադատություն ստանալու համար մարդիկ շատ հաճախ վճարում են:
Վարչական արդարադատության դեպքում հետևյալ պատկերն է: Քանի որ մի կողմում քաղաքացին է կամ իրավաբանական անձը, մյուս կողմում` պետական մարմինը կամ պետական մարմնի պաշտոնատար անձը, այստեղ նորից շատ մեծ վերապահումներով կարելի է խոսել արդարադատության իրականացման մասին: Որպես կանոն, միայն այն, որ դատավարության մի կողմում հանդես է գալիս պետական այս կամ այն մարմինը, արդեն իսկ կաշկանդող ազդեցություն է ունենում դատարանների վրա, ինչից կարող ենք հետևություն անել, որ դատարանը հանդես է գալիս ոչ թե` որպես արդարադատություն իրականացնող իշխանության առանձին ճյուղ, այլ կարծես թե` գործադիր իշխանության շարունակությունը։
Այսինքն` դատարանի դերն ավելի շուտ կայանում է գործադիր իշխանության մարմինների շահերը սպասարկելու մեջ, քան արդարադատություն իրականացնելու, որը, սահմանադրության համաձայն, դատարանի կոչումն ու առաքելությունն է: Ես, մասնավորապես, մի օրինակ եմ ցանկանում բերել վարչական դատավարության մասին` Սերգեյ Գրիգորյանի հայցի քննությունը` ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի: Այդ գործի մասին լրատվամիջոցները գրել են, լուսաբանում եղել է: Խնդիրը վերաբերում էր արտերկրից ներմուծված ավտոմեքենայի մաքսազերծմանը: Վերաքննիչ վարչական դատարանն արդարադատություն իրականացրեց, կայացրեց շատ հիմնավոր դատական ակտ, որով Պետեկամուտների կոմիտեի որոշումը ոչ իրավաչափ ճանաչեց և պարտավորեցրեց մաքսազերծել` Մաքսային օրենսգրքի 92-րդ հոդվածի համապատասխան: Պետեկամուտների կոմիտեի կողմից բերվեց վճռաբեկ բողոք, վճռաբեկ դատարանն այդ բողոքը վարույթ ընդունեց, բեկանեց վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տվեց վարչական դատարանի վճռին, որով մերժվել էր Սերգեյ Գրիգորյանի հայցը:
Ես այժմ չեմ ցանկանում խորանալ գործի հանգամանքների մեջ, բայց եթե նայենք այդ գործի հանգամանքներին և վերլուծենք վճռաբեկ դատարանի որոշումը, մենք կտեսնենք, որ վճռաբեկ դատարանն արդարադատության իրականացման այն եզակի դրսևորումներից մեկը պարզապես վերացրել է: Այսինքն` վճռաբեկ դատարանի դերը կայացել է ոչ թե նրանում, ինչը նրա համար սահմանված է Սահմանադրությամբ, այլ վճռաբեկ դատարանը պարզապես թույլ չի տվել, որ քաղաքացու իրավունքը պաշտպանվի պետական մարմինների կամայականությունից, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանեց Սերգեյ Գրիգորյանի իրավունքը Պետական եկամուտների կոմիտեի կամայականությունից:
– Իսկ ի՞նչ կասեք քրեական արդարադատության մասին:
– Այստեղ արդեն միանգամայն այլ պատկեր է, և արդեն արդարադատության իրականացման մասին, թեկուզ մեծ վերապահումներով, այստեղ խոսել չենք կարող: Այստեղ արդեն դատարանը հստակ հանդես չի գալիս արդարադատություն իրականացնողի դերում:
Դատարանի դերը սահմանափակված է ընդամենը նախաքննության մարմնի, Դատախազության շահերը սպասարկելու մեջ: Մենք գիտենք, որ եղել են քաղաքական հետապնդման բազմաթիվ դեպքեր: Այսինքն՝ դատարանները, ելնելով քաղաքական ինչ-ինչ նպատակահարմարությունից, բացարձակ անհիմն դատապարտել են անձանց, բայց խոսքը դրա մասին չէ: Դա, իհարկե, շատ ցավալի երևույթ է, բայց ամեն դեպքում` սահմանափակ թվով անձանց նկատմամբ է եղել քաղաքական հաշվեհարդարի դրսևորումը: Վերցնենք սովորական քրեական գործերը, որտեղ անձանց մեղադրանքներ են առաջադրվում, որոնք քաղաքական ենթատեքստ չունեն:
Սկսած խափանման միջոցի ընտրության հարցից, վերջացրած նախաքննության մարմնի, Դատախազության մյուս գործողությունների և որոշումների բողոքարկման հարցերից, դատարանները հիմնականում գտնվում են նախաքննության մարմնի և Դատախազության ազդեցության տակ և կայացնում են այնպիսի դատական ակտեր, որոնք բխում են այդ մարմինների շահերից: Այսինքն՝ որպես կանոն, դեպքերի մեծ մասով, երբ քննիչը միջնորդում է` որպես խափանման միջոց ընտրել կալանքը, դատարանները բավարարում են այդ միջնորդությունները:
Երբ քաղաքացին դիմում է քրեական գործ հարուցելու պահանջով, և քննիչը մերժում է, քաղաքացիների բողոքների մեծ մասը ևս չեն բավարարվում դատարանների կողմից: Ես հիմա հստակ վիճակագրություն բերել չեմ կարող, բայց դրանց կարելի է ծանոթանալ: Դեպքերի մեկ-երկու տոկոսի դեպքում են քաղաքացիները հաջողության հասնում: Պետք է նաև առանձնացնել, որ արդարադատության անձեռնմխելիությամբ օժտված անձանց մի խումբ կա. դրանք այն անձինք են, ովքեր յուրացրել են ժողովրդին պատկանող իշխանությունը` և նաև այն անձինք են, ովքեր սերտ կապեր ունեն այդ յուրացրած խմբավորման հետ:
Մյուս մասը շարքային քաղաքացիներն են, որոնք, փաստորեն, դառնում են իրավական կամայականության զոհ: Այսինքն՝ մի խավ կա, որը Սահմանադրությունից վեր է կանգնած, ՀՀ օրենսդրությունը չի տարածվում իրենց վրա, իրենք կարող են գործել ցանկացած հանցանք և չենթարկվել քրեական պատասխանատվության դրա համար, և Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիները՝ չանելով ոչ մի հակաիրավական արարք, կարող են քրեական հետապնդման թիրախ դառնալ:
Այս պայմաններում, ինչպես ներկայացված է հայեցակարգի նախագծում, մենք չենք կարող խոսել դատական իշխանության բարեփոխումների մասին, որովհետև դատական իշխանության ցանկացած բարեփոխում հնարավոր է միայն հիմնարար պայմանի բավարարման դեպքում՝ երբ մենք անկախ դատական իշխանություն ունենք և ոչ թե` դատարան, որը գործադիր իշխանության ուղիղ շարունակությունն է և գործադիր իշխանության շահերի սպասարկուն:
Այսինքն՝ քննարկել այն հարցերը, որոնք ներկայացված են հայեցակարգի նախագծում՝ ներմուծել երդվյալ ատենակալների ինստիտուտը, եռաստիճան դատական համակարգից անցնել երկաստիճան դատական համակարգի, մեծացնել մասնագիտացված դատարանների շրջանակը, իմաստ կունենար այն դեպքում, եթե մենք անկախ դատական իշխանություն ունենայինք, և այդ դատարանի կողմից արդարադատության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից` համաձայն եմ՝ կարելի էր քննարկել այդ բոլոր հարցերը:
Առկա պայմաններում, ես գտնում եմ, առնվազն լուրջ չէ քննարկել երդվյալ ատենակալների կամ երկաստիճան դատական համակարգին անցնելու հարցերը, և զուտ դեմագոգիկ նպատակներով է պայմանավորված:
– Փաստաբան Հայկ Ալումյանը, խոսելով երկաստիճան դատական համակարգի անցնելու գաղափարից, նշել էր, որ նման մտքի առաջացման պատճառը նաև վճռաբեկ դատարանի, իր իսկ խոսքերով՝ անտանելի վարքագիծն է: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է նման միտք առաջացել:
– Ես չեմ ցանկանում գնահատել դա, վերլուծել, թե ինչով է պայմանավորված երկաստիճան դատական համակարգի անցնելու մտահղացումը: Բայց այն, որ այսօր հայտարարված է եռաստիճան դատական համակարգ, բայց այդ համակարգի բարձրագույն օղակը՝ վճռաբեկ դատարանը, անհասանելի է դարձել քաղաքացիների մեծ մասի համար, փաստ է, և ես լիովին համաձայն եմ պարոն Ալումյանի հետ:
Մի կարևոր բան էլ ասեմ: Այդ բոլոր հարցերը միայն պետք է քննարկվեն ապագայի Հայաստանում, երբ ժողովուրդը կդառնա իրեն պատկանող իշխանության տերը: Այդ ժամանակ լիովին նոր դատական իշխանություն պետք է ձևավորվի: Ոչ թե այս եղածի հենքի վրա փորձենք բարեփոխումներ անել:
Հակառակը՝ ես գտնում եմ, որ այս դատավորների զգալի մասն արդարադատության դեմ գործած հանցանքների համար լյուստրացիայի է ենթակա: Նրանք առհասարակ պետք է դուրս մղվեն արդարադատության իրականացման ոլորտից, պետք է ձևավորվի նոր, իրապես անկախ դատական իշխանություն: Դա քննարկելու հարց է, բայց ես կարծում եմ, որ դատական մարմինների, դատական իշխանության ձևավորումը չպետք է կախված լինի իշխանության որևէ այլ մարմնից, այլ պետք է պարզապես ժողովրդի կողմից իշխանության անմիջական իրականացման եղանակով ձևավորվի: Այսինքն` ես կարծում եմ, որ դատավորները պետք է ընտրվեն: Ընտրվելու մեխանիզմը շատ երկար քննարկելու հարց է: Ես ընդամենը մի հում միտք եմ ասում, բայց ես դատական իշխանության` ընտրությունների միջոցով ձևավորման կողմնակից եմ: