Միքայել Հայրապետյան. «Քծնանք իրենց հոր, ինչպես Շանթը կասեր`իրենց պապայի` ռուսական իմպերիայի առջև» (տեսանյութ)
Այսօր «Շանթ և Ազատություն» հիմադրամի աջակցությամբ տեղի ունեցավ քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև բարեգործական համերգ` Էդուարդ Զորիկյանի և Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ: Նշենք, որ այդ գրքի վաճառքի ամբողջ հասույթը պետք է անցնի Շանթ Հարությունյանի ընտանիքին:
«Շանթ և Ազատություն հիմնադրամի» հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմադրամը ստեղծվել է այս տարվա հունվար ամսին և մի քանի անգամ քաղբանտարկյալների ընտանիքների համար օգնության հնարավորություններ է ստեղծել.
«Գտնում ենք, որ մեզ ոչ միայն պետք է այդ ընտանիքներին օգնել, այլ նաև պետք է կարողանանք ցույց տալ, որ Շանթը մարդ չէր, որը շատերի համար թվում է, թե ինչ-որ տարօրինակ բան արեց, փայտը վերցրեց, գնաց անհականալի գործողություններ արեց: Եթե Ոստիկանության և որոշ մարդկանց համար դա տարօրինակ էր, շատերի համար դա հասկանալի է, որովհետև դա պայքար էր ուղեղների համար, մարդկանց ուղեղների մեջ հեղափոխություն անելու համար, իսկ դա կարելի է իմանալ և ծանոթանալ միայն նրա հոդվածների, ելույթների էջերը կարդալուց հետո: Եվ որոշեցինք, որ ճիշտն այն կլինի, որ մենք հրատարակենք նրա ունեցած հոդվածների և ելույթների մի մասը` մեր հանրությանը դա ներկայացնելու, ինչպես նաև Շանթ Հարությունյանին որպես լուրջ քաղաքական, փիլիսոփայական գոծիչ ներկայացնելու համար»:
Նշենք, որ «Շանթ և Ազատություն հիմնադրամը» ստեղծվել է այս տարվա հունվար ամսին քաղբանտարկյալների պաշտպանության, իրենց ընտանիքների աջակցության համար: Շնորհանդեսին ներկայացված էին նաև ուրիշ հեղինակների գրքեր և սկավառակներ, որոնց վաճառքի հասույթը պետք է փոխանցվի հիմնադրամի հաշվին` քաղբանտարկյալների ընտանիքների աջակցության նպատակով:
Մեզ հետ զրույցում Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն ասաց, որ իր հոր 3 հոդվածները` բրոշյուրները, զետեղել են մի գրքում:
Նախին քաղբանտարկյալ, փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն ասաց, որ Շանթ Հարությունյանն իր բանտում եղած ժամանկաշրջանում միակն էր, որ տարբերվում էր բոլորից. «Նա չուներ կենցաղային խնդիրներ, ընտանեկան խնդիրներ: Այդ աբողջը կար, բայց ինքը գաղափարակիր էր, ինքը սավառնում էր երկնքում, կամ չգիտեմ այնտեղ, որտեղ միայն բարձրից են տեսնում այդ ամեն ինչը»:
Էդուար Զորիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դե այն, ինչ Շանթն արեց՝ բոլորս տեսանք: Այսօր շատերը հարցականի տակ են դրել՝ բանտարկված տղաները քաղաքական բանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ քաղաքական: Միանշանակ քաղաքական բանտարկյալներ են»:
«Շանթ և Ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանն ասաց, թե ի՞նչ տեսակ պետք է լինի մարդը, անհատը, իշխանությունը, որը կարողանա մանկապղծությամբ զբաղվել. «Մեր իշխանությունները, ցավոք սրտի, մանկապիղծ իշանություններ են: Ի՞նչ է նշանակում՝ նոյեմբերյան դեպքերից 5 ամիս հետո մանկահասակ երեխայի դեմ քրեական գործ հարուցել: Ի՞նչ եք ցույց տալիս սրանով: Վախի մթնոլո՞րտ: Բացարձակապե՛ս: Ինչպես մեր դասականն է ասում` Ռուբեն Հախվերդյանը, մենք մեր մահը վաղուց ենք տեսել: Դրանով չեն կարող վախեցնել: Քծնանք իրենց հոր, ինչպես Շանթը կասեր` իրենց պապայի` ռուսական իմպերիայի առջև, որ տեսեք` մենք, նույնիսկ, ընդունակ ենք մանկապղծության, մանուկ մորթելու, ինչպես Հերովդեսը»: