Հ. Բիշարյան. Վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին. news.am
NEWS.am-ի հետ զրույցում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցերին, թե ՕԵԿ ներկայացուցիչները երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ են քննարկվել, արդյոք հանդիպմանը անդրադարձել եք վարչապետի հնարավոր թեկնածուին եւ կոալիցիայի ընդլայնմանը և ինչպիսի՞ն է ՕԵԿ-ի դիրքորոշումը այդ երկու հարցերի շուրջ՝ վարչապետի նախընտրելի թեկնածու եւ կոալիցիայի ընդլայնում, ասել է. «Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են ապագա կառավարության ձեւավորման, ինչպես նաեւ առկա ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: Մենք կարեւորել ենք երկրում սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը` վերահաստատելով դեռեւս 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրություններից հետո մեր մոտեցումները:
… Նախագահին ներկայացրել ենք կուսակցության առաջարկություններն ու մոտեցումները, թե ինչպիսի թեկնածուի է ՕԵԿ-ը ուզում տեսնել ապագա վարչապետի պաշտոնում ընդհանրապես եւ վարչապետի մեր նախընտրելի թեկնածուին մասնավորապես: Մենք գտնում ենք, որ ապագա վարչապետը պետք է լինի քաղաքական գործիչ, կիրթ, գրագետ անհատականություն, ունենա աշխատանքային փորձառություն, կարողանա երկրի տնտեսական օրակարգը ներկայացնել միջազգային գործընկերներին` սկսած Մաքսային Միությունից մինչեւ Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ մեր երկրի համար այլ կարեւորագույն գործընկերներին:
Ապագա վարչապետը պետք է լինի ռեֆորմատոր, կարողանա համարձակ բարեփոխումները կյանքի կոչել` երկրի նախագահի եւ կոալիցիոն կառավարության ծրագրերի, գործի նորարարական մեթոդներով եւ վճռական լինի ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում:
Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը եւ այն վարչապետը, ով կարող է աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ: Բնականաբար, որպես ՕԵԿ խմբակցության ղեկավար, չթերագնահատելով որեւէ մեկին` ես վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, ով ունի քաղաքական փորձառություն, գրեթե 4 տարի արդյունավետ ղեկավարել է Ազգային ժողովը, արդեն 6 տարի է ինչ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, մի կառույց, որի մասին այսօր արդեն գիտեն բոլորը, քաջածանոթ է մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրներին:
Իսկ կոալիցիայի ընդլայնման հետ կապված կարող եմ ասել, որ որպես քաղաքական ուժ, մենք բաց ենք ու կողմ քաղաքական ուժերի հետ ավելի լայն համագործակցությանը»: