Պոլիտեխնիկը՝ որպես իտալական հայտնի «Կիրեյ» ՏՏ ընկերության կրթական գործընկեր
ՀՀ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն աշխատանքային հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանրահռչակ իտալական «Կիրեյ» ընկերության նախագահ Վիտորիո Լուսվարջիի հետ: Հանդիպման նպատակն էր համատեղ երկարաժամկետ կրթական և գիտահետազոտական համագործակցության ուղիներ ու եզրեր գտնել Պոլիտեխնիկի և «Կիրեյ» ընկերության միջև:
Հ. Թոքմաջյանը, անդրադառնալով ճարտարագիտական համալսարանի և Իտալիայի բուհերի, մասնավորապես, Ճենովայի և Միլանի տեխնիկական համալսարանների միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությանն ու ակնառու արդյունքներին, վստահություն է հայտնել, որ նախանշվող համագործակցությունն անշուշտ օգտակար կլինի երկու կողմերին էլ: Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը հակիրճ ներկայացրել է համալսարանը` անդրադարձ կատարելով հիմնականում ՏՏ ոլորտի աշխատաշուկան սպասարկող ՀՊՃՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, տարեկան շրջանավարտների թվին, ՏՏ ոլորտում համալսարան-արտադրություն կապին, որի փայլուն օրինակներն են «Սինոփսիս Արմենիա», «Նեյշընլ Ինսթրումենթ», «Մայքրոսոֆթ», «Կասպեսկու լաբորատորիա», «Cisco» և «Autodesk» ընկերությունների հետ իրականացրած հաջող ծրագրերը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստման հարցում Պոլիտեխնիկը լավ ավանդույթներ ունի, և իզուր չէ Հայաստանում գործող օտարերկյա մի շարք ընկերությունների մասնաճյուղերի ղեկավարների կարծիքն այն մասին, որ ընկերությունների գոյությունն ու հաջողությունը մեծամասամբ պայմանավորված են ճարտարագիտական համալսարանի բարձրորակ շրջանավարտների առկայությամբ»,- ասել է Ռ. Աղգաշյանը: Իր հերթին Վիտորիո Լուսվարջին ներկայացրել է իր ղեկավարած ընկերությունը, որը զբաղվում է բանկային և ապահովագրական ոլորտի ծրագրային ապահովմամբ և խորհրդատվությամբ:
Ընկերությունը մասնաճյուղեր մի շարք եվրոպական երկրներում, և իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանյան ՏՏ ոլորտը, համապատասխան կրթական ծրագրերը և աշխատաշուկամ՝ հետագայում այստեղ տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու համար: Ներկաները քննարկել են համընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում գտնվող և առաջիկայում իրատեսական համարվող փոխգործակցության ուղիները: Խոսելով հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ Ռ. Աղգաշյանն հատուկ ընդգծել է, որ համալսարանը միշտ պատրաստ է համագործակցել բիզնես ընկերությունների հետ, առավել ևս նմանօրինակ ընկերության հետ, քանի որ դա առաջին հերթին բխում է ուսանողների և շրջանավարտների շահերից: Իսկ որպես հաջողության գրավական՝պրոռեկտորը նշել է մինչ այժմ Պոլիտեխնիկի և վերոթվարկյալ համաշխարհային համբավ ունեցող ՏՏ ընկերությունների հետ համագործակցության փաստը:
«Կիրեյ» ընկերության նախագահ Վիտորիո Լուսվարջին այցելել է նաև ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոն, որտեղ ծանոթացել է կենտրոնում գործող Մայքրոսոթտ ՏՏ ակադեմիայի, Cisco ակադեմիայի, Բաումանի անվան Մոսկվային պետական տեխնիկական համալսարանի հեռավար ուսումնական կենտրոնի, «Կասպերսկու լաբորատորիա» և «Autodesk» ընկերությունների ուսումնական կենտրոններին ու իրականացվող ծրագրերին:
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժին