Արմեն Մարտիրոսյան. Ընդդիմությունը մաս է կազմում կառավարությանը, որ ի՞նչ անի
Ի՞նչ կազմով է ընդդիմությունը շարունակելու իր պայքարը` վարչապետի հրաժարականից հետո ստեղված իրադրության պայմաններում: Այս հարցն ուղղեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Ի պատասխան` նա ասաց, թե իր կողմից ճիշտ չի լինի որևէ գնահատական տալը, քանի որ հույս ունի, որ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի առաջնորդները կհանդիպեն և կընդունեն պայքարի նոր փուլը:
Արմեն Մարտիրոսյանն ընդդիմության պայքարի նախորդ հանգրվանը համարեց Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որը, իր խոսքերով, տեղի ունեցավ քառյակի գործունեության և հասարակական ակտիվության արդյունքում:
«Հույս ունեմ, որ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի ղեկավարները հանդիպելով կնշմարեն նոր թիրախ, նոր նպատակ և կփորձեն կյանքի կոչել այդ նոր նպատակը: Այդ նպատակը, բնականաբար, պիտի լինի այնպիսին, որ կբավարարի մեր հասարակության պահանջները, իսկ դա, կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է` ամբողջական իշխանափոխություն և նոր ընտրություններ: Ուստի, կարծում եմ, համագործակցությունը այդ շրջանակում էլ տեղի կունենա: Առաջ չընկենք իրադարձություններից»,- ասաց նա:
Մեր հարցին, թե համաձա՞յն է ilur.am-ի այսօրվա հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ ընդդիմությունը չպետք է մաս կազմի Սերժ Սարգսյանի կողմից ձևավորված որևէ կառավարության, Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Մաս է կազմում, որ ի՞նչ անի»:
Միաժամանակ նա ավելացրեց, որ, իր կարծիքով, ընդդիմությունը միայն մի դեպքում կարող է մաս կազմել կառավարությանը, երբ նշմարվի արտահերթությունը` արտահերթ ընտրությունները` ըստ ժամանակացույցի, այն քայլերը, որոնք պիտի արվեն արտահերթ ընտրություններն ապահովելու համար` օրենսդրական փոփոխություն և այլն: Եվ այդ դեպքում կառավարությունը, որպես ընտրությունները անցկացնող, կապահովի նորմալ, արդար ընտրություններ: