ԲՀԿ-ն կվճարի ՀԱԿ-ի հարկադիր պարապուրդը

Կա՞ արդյոք խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակ դաշինքը, թե այն ինքնալուծարվել է. ոչ ոք չի կարող ասել: Դաշինքի անդամներն այս թեմայով գերադասում են չխոսել: Լռությունն ընդհանրապես դարձել է այս կուսակցությունների ներկայացուցիչների նախընտրելի մարտավարությունը: Նրանք ոչ թե չեն ուզում պատասխանել այս հարցին, որովհետև ցանկանում են գաղտնի պահել պատասխանը, այլ, ամենայն հավանականությամբ, իրենք էլ չգիտեն հարցի պատասխանը: Իսկ խոստովանել, որ իրենք չգիտեն, թե ինչ եղավ տևական ժամանակ և հսկայական ջանքերի ներդրման շնորհիվ ստեղծված քառյակը, իսկապես ամոթալի է: Ամոթալի է, քանի որ այդ ուժերի համագործակցությունը չեղյալ հայտարարելու համար պահանջվեց ընդամենը վարչապետի հրաժարականը:

Չնայած պաշտոնական բացատրության բացակայությանը՝ այս ուժերի դաշինքի կամ համագործակցության գոյության մասին կարելի է դատել այլ իրողություններ հաշվի առնելով:

Ապրիլի 9-ին քառյակը որոշել էր հանրահավաք անցկացնել Գյումրիում: Դա պետք է լիներ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքի նախապատրաստության շրջանակներում: Հիմա արդեն պարզ է, որ Գյումրիում նման հանրահավաք չի լինելու: Չի լինելու նաև երևանյան կամ համահայաստանյան հանրահավաքը: Քառյակի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք չգիտեն, թե ինչ են ասելու հանրահավաքի եկած գյումրեցիներին կամ հայաստանցիներին: Մինչև վարչապետի հրաժարականը գիտեին. արտագաղթ, տնտեսության վատ վիճակ, գների աննախադեպ աճ: Կարելի է կարծել՝ վարչապետի հրաժարականով այս և մյուս խնդիրները լուծվեցին:

Նախորդ կիրակի տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստ, որին ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել: ՀԱԿ անդամներին նրա չմասնակցելը չի զարմացրել. բոլորն էլ հասուն մարդիկ են և հասկանում են, որ Տեր-Պետրոսյանն իրենց ասելիք չունի: Բոլորը սպասման մեջ են, և հասկանում են, որ նույն վիճակում է նաև առաջնորդը:

Քառյակի անդամներից երկուսը՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, բացառում են որևէ համագործակցություն գործող իշխանության հետ և հայտարարել են այդ մասին: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ զգուշացրել է, որ «բազարի գնացողը չի կարող խոսել ժողովրդի անունից»: «Բազարի գնացողը» ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, և «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը սպասում են, թե ինչ ավարտ կունենա նրանց բազարն իշխանության հետ:

Դե ինչ, հերթական անգամ հայ հասարակությունը ստիպված է լցվել համբերությամբ և շունչը պահած սպասել, թե ինչ կորոշի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կամ ինչ ավարտ կունենան նրա բանակցությունները նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հենց այդ բանակցությունների արդյունքից էլ պարզ կլինի, թե ինչ քաղաքական դաշտ կլինի Հայաստանում: Գագիկ Ծառուկյանին հաջողվեց երկու տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում վերացնել ընդդիմությունը և նրա փոխարեն ստեղծել քաղաքագիտությանը դեռևս անհայտ՝ «ոչ իշխանական ուժեր» հասկացությունը: Հիմա նա կարող է անել երկրորդ քայլը և վերացնել ոչ իշխանական ուժերին: Դրա համար ամենևին էլ պետք չէ, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա: Նույնիսկ կոալիցիա չմտնելով՝ ԲՀԿ-ն կարող է փոխել իր դիրքորոշումը կառավարության նկատմամբ և հայտարարել, որ իրենք դադար են վերցնում և սպասելու են նոր կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերին:

ՀԱԿ-ում հասկանում են, որ ստեղծված իրավիճակն իրենց համար խիստ վարկաբեկիչ  է, բայց հուսադրող հանգամանքներ ևս կան. ԲՀԿ-ն վճարելու է հարկադիր պարապուրդի համար:

Տեսանյութեր

Լրահոս