Տասը դաս` մի ցեղասպանության մասին». Օսմանյան կայսրության ծնունդը ժամանակավրեպ էր
Կիրակի ապրիլի 6-ի երեկոյան, «ՀԱՅԱՍՏԱՆ» հասարակական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ եւ համագործակցությամբ՝ «Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոն»-ի հայ եւ հույն հասարակությանը ներկայացվեց` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տասը դասախոսությունների շարքից` առաջինը:
«Տասը դաս` մի ցեղասպանության մասին» վերնագրով նեկայացվող դասախոսությունները յուրովի վերլուծական հայացք են նետում Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Մեծ ոճրագործության պատճառների, պայմանների եւ հետեւանքների մասին: Դասախոսությունները մեթոդաբանական փորձ են Հայոց ու նաեւ Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյա այլ ժողովուրդների ողբերգական ճակատագրին առնչվող հարցադրումներին պատասխանելու համար:
«Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոն»-ի քարտուղար պրն. Հովսեփ Քասեսյանը, ներկայացրեց վերոհիշյալ դասախոսություններից առաջինը՝ «ՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ» վերնագրով:
Բանախոսը, հենվելով պատմական իրականությունների վրա, փաստեց, որ Օսմանյան կայսրության ստեղծումը անբնական եւ պատմության բնականոն ընթացքի դեմ եղելություն էր:
Պրն. Քասեսյանը հատկապես շեշտեց՝
«Օսմանցի թուրքերը ստեղծեցին մի բազմազգ կայսրություն, ճիշտ այն ժամանակ, երբ եվրոպական ժողովուրդները լքելով իրենց՝ Պապա/լատինական, հասարակաց մշակութային միավորումը, սկսել էին յուրովի ազգեր դառնալ:
Օսմանցի թուրքերը ստեղծեցին ավատատիրական հասարակարգ, երբ եվրոպական ազգերը արդեն սկսել էին ավատատիրական հասարակարգից դեպի բուրժվական հասարակարգերի հիմնում ընթանալ:
Օսմանցի թուրքերը ստեղծեցին բռնատիրական վարչաձեւ, երբ միեւնույն ժամանակ Եվրոպայում առաջացել էր «մարդու իրավունքների գաղափար» հասկացությունը:
Օսմանցի թուրքերը ստեղծեցին ծայրահեղ իսլամական օրենքներով առաջնորդվող համակարգ, երբ եվրոպական ժողովուրդները արդեն իսկ կայացրել էին ազատական մտածելակերպը եւ հին բոլոր երեւույթները հարցականի տակ էին առնում»:
Հանգամանալից կերպով բացատրելով վերոնշյալ եւ դեռ մի քանի այլ երեւույթների մասին, օրվա բանախոս՝ պրն. Քասեսյանը, հանգեց այն եզրակացության, որ Օսմանյան կայսրության ժամանակավրեպ ծնունդը ի սկզբանե դատապարտված էր վիժեցման եւ, որ այդ կայսրության հոգեվարքը պատճառ էր հանդիսանալու՝ թուրք իշխող դասակարգի եւ հպատակ ազգերի միջեւ անհաշտ բախումների եւ Հայոց ցեղասպանության նման արյունալի եղելությունների:
Միջոցառման ավարտին, որը տեղի ունեցավ «Հայաստան» կենտրոնի սրահում, բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին:
«Տասը դաս` մի ցեղասպանության մասին» դասախոսական շարքի երկրորդը՝ տեղի է ունենալու մայիսին:
Աթենք, «Հայաստան լրատու ցանց», 08.04.2014.