Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը՝ զսպաշապիկ ԲՀԿ-ի համար

Այս օրերին բոլոր հետաքրքրասերները տալիս են նույն երկու հարցերը՝ ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ո՞վ է փոխարինելու նրան: Փորձենք պատասխանել այս հարցերին, որոնք փոխկապված են և փոխլրացնող:

Վարչապետի հրաժարականի հարցը քննարկելիս, պետք է նախ` կողմնորոշվել մեկ այլ հարցում՝ արդյո՞ք Տրգրան Սարգսյանի հրաժարականը կամավոր էր, թե՞ այն թելադրված էր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանը կարող էր պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին, սակայն որոշակի հանգամանքների բերումով` նա կցանկանար, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը ներկայացվեր` որպես ինքնակամ հրաժարում այդ պաշտոնից:

Եթե նախագահն ինքը պաշտոնանկ աներ վարչապետին, ապա դա կարող էր դիտվել` որպես ոչ իշխանական քառյակի պահանջի կատարում, և ընկալվել` որպես նախագահի կողմից թուլության դրսևորման նշան:

Իսկ պե՞տք էր քառյակին, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տա: Առաջին հայացքից` նման հարցադրումը պարզունակ է թվում, քանի որ քառյակն արդեն մի քանի ամիս պայքարում էր վարչապետի հրաժարականի համար, և այդ պահանջով պատրաստվում էր եռօրյա նստացույց կազմակերպել: Բայց Տիգրան Սարգսյանն իր անձով դարձել էր քառյակին միավորող գործոն. ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որ տարբեր պատճառներով չէին ցանկանում կամ պատրաստ չէին խոսել նախագահի հրաժարականի պահանջի մասին, սիրով խոսում էին վարչապետի և կառավարության պաշտոնանկության մասին, երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և հասարակական դժգոհությունը բացատրելով կառավարության ոչ ադեկվատ գործունեությամբ:

Քառյակի հիմքը կազմող ԲՀԿ-ի համար իդեալական տարբերակ կլիներ, եթե նախագահ Սերժ Սարգսյանը ևս երեք տարի վարչապետի պաշտոնում պահեր Տիգրան Սարգսյանին:

ԲՀԿ-ն, ինչպես անցած երկու տարիներին, ևս երեք տարի շարունակեր պայքարել Տիգրան Սարգսյանի «ատելի» կառավարության դեմ, հասարակությանը ցույց տալով, որ ինքն ամեն ինչ արեց այդ կառավարությունից ազատվելու համար, սակայն այդ խնդիրը իրականացնելու համար պետք է ունենար խորհրդարանական մեծամասնություն:

Այսինքն` Տիգրան Սարգսյանի կառավարությունից ազատվելու միակ ելքը պետք է լիներ այն, որ ընտրողները քվեարկեն հօգուտ ԲՀԿ-ի և նրա կողմից ղեկավարվող քառյակի:

Պահանջելով Տիգրան Սարգսյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականը` ԲՀԿ-ն և քառյակը ոչ միայն չէին ուզում հասնել Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը, այլ, որքան էլ պարադոքսալ հնչի, այդկերպ փորձում էին ստիպել Սերժ Սարգսյանին պաշտպանել Տիգրան Սարգսյանին, հնարավորինս երկարաձգել Տիգրան Սարգսյանի կառավարության կյանքը:

Նրանց թվում էր, որ այդպիսով կստիպեն Սերժ Սարգսյանին, որ նա ի հեճուկս ոչ իշխանական քառյակի` շարունակի աջակցել Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությանը: Այդ տրամաբանությամբ` որքան քառյակը ուժեղացնում էր ճնշումը կառավարության վրա, այնքան ավելի էր ամրացնում Տիգրան Սարգսյանի դիրքերը:

Բայց Սերժ Սարգսյանը որոշեց փոխել խաղի կանոնները:

Լրատվամիջոցներն արդեն գրել են, որ վարչապետի ամենահավանական թեկնածուն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Նախագահ Սարգսյանն այս թեմայով խոսել է նրա հետ և հայտնել, որ հնարավոր է՝ նրան նշանակի վարչապետի պաշտոնում:

Նախագահ Սարգսյանի համար Հովիկ Աբրահամյանը վարչապետի միակ թեկնածուն չէ, բայց, ըստ ամենայնի, ամենահարմարը: Եվ ահա թե ինչու:

Մեր տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ միանալ կառավարող կոալիցիային: Նա հասկանում է, որ կոալիցիայի անդամ դառնալու դեպքում ինքը և ԲՀԿ-ն հասարակության աչքում կհեղինակազրկվեն վերջնականապես և անդառնալիորեն:

Իսկ Ծառուկյանը քաղաքական լուրջ ամբիցիաներ ունի և իր կուսակցությանը պատրաստում է 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Այդ ընտրություններում նա կարող է լուրջ հաջողության հույս ունենալ, եթե 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցի ոչ թե` որպես իշխող կոալիցիայի անդամ կուսակցություն, այլ ներկա ֆորմատով`ընդդիմադիր ուժերը միավորած և դրանց առաջնորդող ուժի կարգավիճակում:

Լավ կլիներ, եթե վարչապետը շարունակեր լինել Տիգրան Սարգսյանը, ում նկատմամբ կար որոշակի հասարակական վերաբերմունք և ում քննադատելն ու բոլոր հնարավոր մեղքերի համար մեղադրելը ԲՀԿ-ականների համար դարձել էր մի բաժակ ջուր խմելու նման մի բան:

Բայց միևնույն է, ով էլ նշանակվի վարչապետ, մի քանի ամսից նրան ևս կարելի կլինի դարձնել թիրախ և շարունակել կրկնել, որ երկրում ոչինչ չի փոխվել, և նոր կառավարությունը միայն արտաքնապես է նոր, իսկ նոր վարչապետն էլ ոչնչով չի տարբերվում Տիգրան Սարգսյանից:

Միակ բացառությունը կարող է լինել այն դեպքում, եթե վարչապետ նշանակվի ԱԺ նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը:

ԲՀԿ-ականները չեն կարող Հովիկ Աբրահամյանին քննադատել նույն տոնայնությամբ, ինչպես Տիգրան Սարգսյանին: Ճիշտ է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ակնարկում էր, որ իրենց համար կարևոր չէ վարչապետի անձը, սակայն, անկախ այդ հայտարարություններից, կարելի է պատկերացնել, թե որքան կաշկանդված կլինեն ԲՀԿ-ականաները, երբ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, փորձեն հարցերով նեղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին կամ նրա ղեկավարած կառավարության անդամներին:

Այնպես որ, Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետ, Սերժ Սարգսյանը կարող է հետապնդել ընդամենը մեկ նպատակ`կաշկանդված և զսպված պահել ԲՀԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս