Ականազերծման աշխատանքներ` Սյունիքի 4 համայնքներում
Ապրիլի 1-ից մեկնարկել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացրած տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի աջակցությամբ «ՀԱԼՕ Թրասթ» միջազգային կազմակերպության և Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աշխատանքները սկսվել են «ՀԱԼՕ Թրասթ» միջազգային կազմակերպության ականազերծողների կողմից, որոնց երկշաբաթյա վերապատրաստումից հետո` ապրիլի 17-ին, կմիանան նաև Հայաստանի ռազմական գերատեսչության խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի ականազերծողները:
Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` ՀԱՓԿ-ը:
Աշխատանքների հենց առաջին օրերին «ՀԱԼՕ Թրասթ»-ի մասնագետները արդեն հայտնաբերել և վնասազերծել են հակահետևակային մեկ ական: