Բաժիններ՝

ԱԺ «քառյակը» ազգային համաձայնության Կառավարության հարց չի քննարկել. Tert.am

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե շրջանառվող ազգային համաձայնության Կառավարության մասին որևէ քննարկում իրենց կուսակցությունում տեղի չի ունեցել:

«Սակայն, ցանկացած պարագայում, պետք է նշեմ, որ այդպիսի կառավարությունները պետք է հստակ հայտարարեն, թե ինչ խնդրի շուրջ են համագործակցելու: Եթե այդ Կառավարության խնդիրը լինելու է այն, որ իրենք պետք է նախապատրաստվեն ընտրությունների համար, օրենսդրական այնպիսի փոփոխություններ իրականացնեն, այնպիսի գործնական քայլեր իրականացնեն, որ վերջապես հնարավոր լինի արդար ընտրություններ ապահովել, ապա այդ դեպքում կարելի է քննարկել»,– ասաց նա:

«Բայց եթե խնդիրն ընդամենը լինելու է այն, որ այս իշխանությունների կյանքը երկարաձգեն այս իրավիճակում, ապա չեմ կարծում, որ արժի քննարկել»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Արձագանքելով հնչող տեսակետներին, թե նոր վարչապետի նշանակումով հնարավոր է՝ այլևս պառակտվի  ոչ իշխանական չորս խմբակցությունների համագործակցությունը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Եթե մեր գործընկերները ցանկանան շարունակել այն, ինչ սկսել ենք, ապա կարծում եմ, որ խնդիրը ոչ թե վարչապետի անձը պետք է լինի, այլ այն մարտահրավերները, որ երկրի առջև ծառացել են: Իսկ դա հնարավոր է լուծել միայն ամբողջական իշխանափոխության և արմատական բարեփոխումները կյանքի կոչելուց հետո»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց գործընկերներն իշխանափոխության փուլային տարբերակի կողմնակից են, այնպես որ, ըստ նրա՝ վարչապետի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի:

«Որովհետև մեծամասնությունը չի փոխվում, ուստիև վարչապետի փոփոխությունը որևէ բան չի տա: Իհարկե, որոշ փոփոխություն սա նշանակում է, բայց գլխավոր ուղղությունը և կարևոր քաղաքական գործընթացները դրանից չեն փոխվում»,-նշեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ չի կարող ասել, թե հետագայում ինչպիսին կլինեն իրենց գործընկերների գործունեությունը:

«Ցանկալի կլիներ, որ քառյակի ֆորմատը շարունակվեր, դրա համար անհրաժեշտ է այդ ուժերի ղեկավարների հանդիպումը, որպեսզի իրենք ճշտեն, թե ինչ են ցանկանում անել կամ ասել: Այն, ինչ մինչև հիմա տեղի էր ունենում, դա, ըստ էության, խորհրդարանական ձևաչափով համագործակցություն էր, բայց եթե մենք իսկապես ցանկանում ենք կարևորագույն խնդիրներ լուծել, ապա կուսակցությունների ղեկավարների հանդիպումն ուղղակի անհրաժեշտություն է»,-ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը, սակայն, ասաց, թե իրենք արդեն իսկ հայտարարել են, որ որևէ կառավարության մաս, որն առնչություն ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, չեն կազմի: «Սա՛ է մեր դիրքորոշումը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս