Բաժիններ՝

Կովկասյան հովազի պահպանման ծրագիրը 30 000 եվրոյին համարժեք դրամական մրցանակ է շահել

Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրն արժանացավ դրամաշնորհի Գերմանիայի Նեյշնլ Գեոգրաֆիկի կողմից (շուրջ 30,000 եվրոյին համարժեք դրամ):

Մարտի 17-ից 31-ը Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիայի
(EOCA) կողմից կազմակերպված վիրտուալ քվեարկության արդյունքում Կովկասյան
հովազի պահպանման ծրագիրն ընտրվեց 6 լավագույնների շարքում և երկրորդ
փուլում ստացավ 7,238 ձայն 21,179 ձայներից, որը կազմում է ընդհանուր ձայների
շուրջ 34 %-ը:

Հայաստանյան ծրագիրը հաղթեց Վայրի բնության և մշակութային արժեքների
պահպանման հիմնադրամի գործընկերների, հայաստանցիների և մյուս բոլոր
ընկերների եռանդուն քվեարկության արդյունքում: Մասնավորապես բրիտանական
Վորլդ Լենդ Թրաստ ընկերությունը նախագիծը ներկայացրեց իր վեբկայքում և իր
բոլոր միջազգային գործընկերների ցանցում, իսկ FPWC-ի գլխավոր գործընկեր
ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր բոլոր բաժանորդներին տեղեկացրեց հեռախոսային
հաղորդագրությունների միջոցով: Այս քարոզարշավի արդյունքում Կովկասյան
հովազի պահպանման հայաստանյան ծրագիրը ստացավ ձայների
մեծամասնությունն ու դարձավ քվեարկության առաջատարը:
Կովկասյան հովազը վտանգված կենդանատեսակ է, գրանցված ԲՊՄՄ Կարմիր
ցուցակում «Վտանգված» կարգավիճակով: Բնության մեջ Կովկասյան հովազի
քանակը չի գերազանցում 1300-ը, իսկ Հայաստանում կարող է հանդիպել
առավելագույն 15 հովազ (ըստ ԲՊՄՄ տվյալների):

Բացի պետական արգելոցներից,
Կովկասյան հովազը Հայաստանում պահպանվում է նաև օրենքով:
Դեռ 2013 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման
հիմնադրամի կողմից կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության
ապաստարան»-ի տարածքում տեղադրված տեսախցիկներն արձանագրեցին
Հայաստանում բնակվող Կովկասյան հովազներից մեկին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նշված
միջոցները կօգտագործի Կովկասյան հովազի համար անհրաժեշտ տարածքների
պահպանման և ընդլայնման, ինչպես նաև այս վտանգված կենդանատեսակի մասին
հետազոտություններ կատարելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս