«Սիրում են «պաշտոնյայի միս». ՀՀ սպորտի փոխնախարարը` Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին. ԳԱԼԱ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը վստահ է, որ Տիգրան Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ է որոշել հրաժարականի դիմում գրել, եւ որ այդ որոշումը անձնական է եղել: «Ես գիտեմ մեկ բան՝ մեդալը ունի երկու կողմ, չի կարա մի կողմը լինի՝ սոցիալական ցանցերը ծանոթանալով, լավ, էդ մարդը մի լավ բան չի՞ արել: Ապշում ես, չի կարող ամբողջը վատ լինել, չի կարելի էդքան թույնով լցվել, հասկանո՞ւմ եք ինձ: Ես սա ձեզ չեմ ասում, ինձ եմ ասում, բոլորին եմ ասում, իսկ ով է ասել, որ ձեր առօրյա գործունեության ընթացքում դուք ամեն ինչ կարողանում եք, ամեն ինչ ստացվում է»,- այս մասին, ըստ ԳԱԼԱ-ի՝ ասել է Ա. Քարամյանը:
Նա նեղսրտել է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում սկսել են ակտիվ քննադատություններ հնչել արդեն նախկին վարչապետի հասցեին: «Լավ, կարելի՞ է էդքան չարությամբ արտահայտվել սոցիալական ցանցերում։ Ես չեմ կարծում, որ պետք է այդպես: Մեր ժողովուրդը ամենաշատը սիրում է «պաշտոնյայի միս», չի նայում՝ ինչ գործ է արել, համենայնդեպես մեր կառավարությանը կոռուպցիայի հաղթահարման տեսանկյունից, ընթացակարգերի պարզեցումից, էլեկտրոնային կառավարման, վերջին հինգ տարիներին ահռելի աշխատանք է կատարվել»,- շարունակել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը: