Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած՝ ձիու քայլ կատարեց, ուստի քառյակի առաջնորդների հանդիպումը անհրաժեշտություն է

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդները պետք է անհապաղ հանդիպեն՝ քննարկելու հաջորդ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու փուլի մանրամասները: 168.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե մինչ այժմ քառյակի միջև տեղի ունեցած համագործակցությունը բավական դրական էր ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն էլ մեծամասամբ հենց այդ գործունեության արդյունք էր: Հիմա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, խորհրդարանական քառյակի համագործակցությունը պետք է ընթանա բացառապես մեկ՝ նախագահի հրաժարականը պահանջելու ուղղությամբ:

«Վարչապետի հրաժարականով Սերժ Սարգսյանը փորձեց քաղաքական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ինչը նրա կողմից շատ ճիշտ, ժամանակին հաշվարկված քայլ էր: Եթե քառյակը շարունակի համագործակցությունը, ապա այն քայլը, որն իրականացրեց Սերժ Սարգսյանը, որևէ օգուտ չի տա, և ցանկացած դեպքում նախաձեռնությունը կմնա քառյակի ձեռքում: Իսկ շարունակելով համագործակցությունը՝ քառյակը պետք է անի բացառապես մեկ՝ արմատական իշխանափոխություն: Մենք ամբողջական իշխանափոխության կողմնակից ենք, մեր գործընկերները կարծես որոշ դեպքերում փուլային տարբերակն են նախընտրում, բայց հիմա փուլերից մեկն արդեն իրականացել է և եթե մեր գործընկերները շարունակեն համագործակցությունը, իշխանությանը այլ բան չի մնա, քան ամբողջական հրաժարականը, արտահերթ ընտրությունները»,- նշեց նա:

Մեր հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կգնա՞ն ամբողջական իշխանափոխության՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ճանապարհով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, թե հենց այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է անհապաղ կազմակերպել չորս կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և նման հարցը չթողնել խորհրդարանական քառյակի քննարկմանը:

«Այդ հարցը, կարծում եմ, ոչ թե խորհրդարանական քառյակը պետք է քննարկի, այլ՝ կուսակցությունների առաջնորդները: Սա բացառապես նրանց քննարկման թեման է, ուստի, կարծում եմ, անհրաժեշտ է քառյակի առաջնորդների անհապաղ հանդիպում և այդտեղ է, որ պետք է քննարկվեն մնացած խնդիրները: Այդ հարցի քննարկումը խորհրդարանում ներկա մեր հարգարժան գործընկերների շրջանակից դուրս է, դրա մասին կարող են խոսել բացառապես առաջնորդները»,- շեշտեց նա:

Ա. Մարտիրոսյանը հիշեցրեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մեկ անգամ է հայտարարել քառյակի ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին՝ հայտնելով իր պատրաստակամությունը: «Քառյակի խորհրդարանական նախավերջին հանդիպման ժամանակ էլ քննարկվեց այդ հարցը: Ըստ էության, բոլորն էլ կողմ են հանդիպմանը, բայց քանի որ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած՝ ձիու քայլ կատարեց, ապա ես կարծում եմ, որ հանդիպման անհապաղությունը հիմա հիմնավորված է»,- հավելեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս