ԲՀԿ-ական պատգամավորը պատրաստ է «բարիկադներին». Եթե կարիք լինի՝ դրան էլ կգնանք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը ոչ միայն մասնակցելու է ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից հրավիրված շուրջօրյա հանրահավաքներին, այլև՝ անհրաժեշտության պեպքում պատրաստ է նաև «բարիկադների» տարբերակին:

168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շուրջօրյա հարահավաքները ՀՀԿ-ի դիրքորոշման վրա որևէ ազդեցություն կունենա՞ն, Հ. Խաչատրյանը նշեց. «Բա ո՞նց կարող ա ազդեցություն չունենան»:

Միաժամանակ Խաչատրյանի խոսքով, իրենց նախաձեռնած հանրահավաքները մեծամասնությանը ճնշել չեն կարող և առհասարակ նման միտում էլ չեն հետապնդում: «Դրա իմաստը ճնշումը չէ, այն է, որ ժողովուրդը չարտագաղթի, ապրեն նորմալ, դա է: Թե չէ, ի՞նչ ճնշում, ինչի՞ համար. դա բան չի փոխի, դրանից չի փոխվի, հաստատ չէ… Տեսաք, բոլորը մի մարդու պես (նկատի ունի ՀՀԿ-ական պատգամավորները,- Տ.Մ.) կողմ էին քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգին, բայց քանի՞ կետով հակասահմանադրական ճանաչվեց ՍԴ-ի կողմից: Դե՝ էնտեղ գաղափարի կռիվ չի՝ ոնց ասում են, տենց լինում է»,- ասաց նա:

Երբ հետաքրքրվեցինք, թե հանրահավաքներ անելու կամ չանելու դեպքում՝ ՀՀԿ-ն միևնույն է՝ դե՞մ է քվեարկելու կառավարության հրաժարականի պահանջին, պատգամավորը դրական պատասխան տվեց. «Անպայման»:

Ինչ վերաբերում է «բարիկադների» հնարավոր սցենարին, ապա Հ. Խաչատրյանը հույսը Աստծո հետ կապեց՝ նշելով, թե չէր ցանկանա գործընթացների նման զարգացում: «Դե, դա ժամանակը ցույց կտա՝ ինչ կլինի, բայց ինձ թվում է, որ կգնան զիջումների: Աստված ոչ անի, որ գործը բարիկադներին հասնի. ամեն դեպքում լավ բան չի»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե կարիք լինի՝ ինքը պատրաստ է դիմել «բարիկադների»: «Եթե կարիք լինի՝ կգնանք, դրան էլ կգնանք»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս