Ստեփան Մարգարյան. ՍԴ որոշումից պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում մինչև սեպտեմբեր
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները չեն շտապում մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը: Ինչպես քառյակի հերթական դռնփակ հանդիպումւց հետո հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ոչ իշխանական ուժերը քննարկել են հարցը և որոշել են առաջիկայում հայտարարությամբ հանդես գալ:
«Քանի որ տեսքը մենք չունենք հիմա ձեռքի տակ, առաջիկայում չորս ուժերով մենք պայմանավորվել ենք այդ մասին հայտարարություն անել: Մի բան կարող ենք հստակ ֆիքսել, որ եթե քաղաքական ուժերը քաղաքացիական հասարակությունը համագործակցում են, դրանից ինչ-որ դրական բան գոնե ստացվում է: ՍԴ որոշման մեջ կան դրույթներ, որոնք մանրամասն ուսումնասիրման կարիք ունեն, դրա համար մենք հիմա որևէ մեկնաբանություն չենք անում, հայտարարություն կանենք մոտ ապագայում»,- ասաց Ս. Մարգարյանը:
Նրա խոսքով՝ որոշման մեջ առկա են այնպիսի դրույթներ, որոնք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ: «ՍԴ որոշումը իր մեջ պարունակում է որոշակի դրույթներ, որոնք հիմա մեր ձեռքի տակ չկան, չենք կարող ասել, բայց պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում մինչև սեպտեմբեր, պարզ չէ, թե մինչև սեպտեմբեր ի՞նչ է լինելու, պահանջելո՞ւ են մուծել վճարները, թե՞ ոչ: Կետերը հակասահմանադրական ճանաչված են, բայց եթե մինչև սեպտեմբեր է, ապա ի՞նչ է լինելու: Ամեն դեպքում գոնե անվիճելի է, որ կա դրական իմաստ, որովհետև հակասահմանադրական են ճանաչվել մի քանի դրույթներ, ինչը արդյունք է քաղաքական և քաղաքացիական ուժերի սերտ համագործակցության»,- հավելեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ եթե ՍԴ որոշումը «ծուղակ է», ապա ամեն դեպքում իրենք շարունակելու են գործողություններն այդ ուղղությամբ: «Մենք հարցը կհամարեն լուծված, երբ օրենքի գործողությունը դադարեցվի: Միայն այդ դեպքում մենք կհամարենք հարցը սպառված: Մնացած դեպքերում և քաղաքական ուժերը, և քաղաքացիական նախաձեռնությունները, կարծում եմ, որ կշարունակեն իրենց պայքարը»,- եզրափակեց նա: