Քառյակը հանրահավաքներ կանցնացնի նաև Գյումրում և Վանաձորում

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշում են կայացրել համատեղ հանրահավաք անցկացնել նաև Գյումրիում և Վանաձորում: Այս մասին այսօր քառյակի համատեղ դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: «Որոշել ենք սկսել գործընթացը մարզային հանրահավաքներից: Հստակ որոշել ենք Գյումրիում և Վանաձորում հանրահավաք անել, մշակում ենք նաև այլ քաղաքներում իրազեկման հանրահավաքներ անցկացնելու մտադրությունը: Հանրահավաքի օրերը կհայատարենք վաղը կամ մյուս օրը, որովհետև կազմակերպական խնդիր կա տեղերում: Գիտեք, որ օրինական ճանապարհով հանրահավաք կազմակերպելը որոշակի գործընթաց է ենթադրում: Առաջիկայում այդ երկու հանրահավաքը հստակ որոշված է, բայց չի բացառվում այլ մարզերում ևս հանրահավաք անցկացնել»,- նշեց նա:

Ստեփան Մարգարյանը նաև ասաց, որ իրենք հստակեցրել են շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու որոշումը և շեշտեց. «Դա արվելու է միանշանակ»:

Նրա փոխանցմամբ՝ միջոցառումները անցկացնելու հետ կապված ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ քարոզչական, կազմակերպչական, երիտասարդական, որոնք կաշխատեն համապատասխան խմբերի հետ:

ԲՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ իրենք ապրիլին պատրաստվում են անցկացնել նաև տնտեսական ծրագրի քննարկում: «Դա այն ծրագիրրն է լինելու, որով մենք պատկերացնում ենք, որ ապագա կառավարությունը պետք է առաջնորդվի: Հստակ օրը մենք կհայտարարենք, բայց անելու ենք տնտեսական ֆորումի պես մեծ մասնագիտական քննարկում: Խոսքը բնականաբար բաց քննարկման մասին է»:

168.am-ի հարցին, թե Գյումրիում և Վանաձորում կայանալիք հանրահավաքներին քառյակի առաջնորդները մասնակցելո՞ւ են, Ս. Մարգարյանը պատասխանեց, թե դրա անհարեժշտությունը չկա: «Դժվարանում եմ ասել, բայց չեմ գտնում, որ դրա անհրաժեշտությունը կա, չենք էլ քննարկել դա, բայց ես կարծում եմ, որ՝ ոչ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս