Հայտարարություն. Վերացնել ոչ միայն հետևանքը, այլև պատճառը
ՀՀ Սահմանադրական դատարանը ժամեր առաջ ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների վերաբերյալ դատական նիստը և հրապարակեց 64 էջից բաղկացած վճիռ՝ անվավեր ճանաչելով կուտակայինի մասին օրենքը։
Մենք ողջունում ենք այս հարցում քաղաքացիական և քաղաքական ուժերի միասնական պայքարը՝ ի բարօրություն հայ հասարակության և շնորհավորում մասնավորապես «Դ!եմ եմ» շարժման ակտիվիստներին և ՀՀ ազատ քաղաքացիներին՝ նշանակալի հաղթանակի առթիվ։
Միաժամանակ գտնում ենք, որ ամենաթողության և օրենսդիր մարմնի մեծամասնության անպատասխանատու վարքն ու գործունեությունը ենթակա չեն ո՛չ բարոյական, ոչ էլ իրավական արդարացումների։ ՀՀ Ազգային ժողովը որոշների համար դարձել է մի փորձադաշտ, որտեղ նրանք ամենաանպատասխանատու ձևով խաղում են հայ ժողովրդի ներկայի և ապագա սերունդների ճակատագրի հետ։
ՍԴ հրապարակված վճիռը անուղղակիորեն փաստում է, որ կուտակայինի խայտառակ անգրագետ օրենքի հեղինակներն ու կողմնակիցները կոմպետենտ չեն ՀՀ քաղաքացիների շահերը ԱԺ ամբիոնից ներկայացնելու և օրենսդիր մարմնի գործառույթ իրականացնելու համար։ Նրանք չեն տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, որպեսզի ի զորու լինեին կայացնել գրագետ որոշում և չքվեարկել հակաիրավական, հակասոցիալական և հակասահմանադրական նախագծի օգտին։ Ավելին, կուտակայինի մասին օրենքին կողմ քվեարկած պատգամավորները ուղղակի վնաս են հասցնում ՀՀ քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության զարգացմանը, իսկ ՀՀ Ազգային ժողովում նրանց ներկայացված լինելը քաղաքացիներին շարունակ ստիպելու է ծախսել սեփական ժամանակն ու ռեսուրսները այդ անգրագետ և ոչ կոմպետենտ կադրերի «օրենսդիր» գործունեության հետևանքները վերացնելու համար։
Հիմնվելով գերագույն դատարանի վճռի և ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտումը պաշտպանող սահմանադրական և իրավական դրույթների վրա, ինչպես նաև չցանկանալով շարունակաբար լինել մի քանի տասնյակ «օրենսդիրների» անպատասխանատու գործողություններից գոյացած պայթյունավտանգ իրավիճակը մեղմող հրշեջների դերում՝ մենք պահանջում ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին կողմ արտահայտված և օրենքի «պարտադիր» բաղադրիչը վիճարկելու նախաձեռնությունը տապալած 53 պատգամավորներին անհապաղ զրկել պատգամավորական մանդատից։
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի տասնյակ քաղաքացիների անունից՝ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն